ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՍԽԱԼԸ». ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՅՐՈՒՂԻՆ «ԹԱԿԱՐԴ» ԴԱՐՁԵԼ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

«Սյունիքում Հայաստանի տարածքից ոչ մի մետր չի զիջվի Ադրբեջանին», «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21-րդ կմ-ը կվերահսկեն ռուս սահմանապահները», «Ռուսաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ անվտանգությունը ապահովված է»,«Հայ սահմանապահները կանգնած են լինելու Հայաստանի տարածքում և տեսողականորեն վերահսկելու են ճանապարհը՝ ապահովելով անվտանգության երկրորդ մակարդակը»: Սրանք հատվածներ են 2020 թվականի դեկտեմբերի 20-ին «Զինուժ» թերթին Վաղարշակ Հարությունյանի տված հարցազրույցից, որը նա տվել է որպես Հայաստանի պաշտպանության նախարար, գրում է EAdaily-ն:

Կանցնի մոտ ինը ամիս, և ադրբեջանական կողմը Գորիսի այս ճանապարհի հատվածում անցակետ կտեղակայի՝ այն դարձնելով գլխացավանք (մեծ հաշվով) Իրանի համար: Հիշեցնենք, որ այս պահին ադրբեջանական կողմը ստուգում է բեռնատարների իրանցի վարորդների փաստաթղթերը` հարկադրելով ճանապարհային տուրք վճարել, երբեմն էլ` ձերբակալում է նրանց:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակի մասին հետագայում կհայտարարի, թե իբր Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան. «Խնդիր դարձած կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այս տարածքից դուրս, որը Հայաստանը դե-յուրե ընդունել է 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»:

Վարչապետի բացատրությունը որոշ չափով ծուռումուռ է ստացվում, քանի որ պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց դեռ չի սկսվել, բայց ինչ-ինչ պատճառներով ճանապարհի այս հատվածն արդեն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։

Այսպիսով, կողմերի միջև ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Վաղարշակ Հարությունյանը, որը իբր պետք է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծեր: Վերջերս TC Apricotnews-ը հրապարակել է «Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհներին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգության կազմակերպման մասին» հուշագրի պատճենը, որը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից՝ 2020 թվականի դեկտեմբերին: և, ըստ ամենայնի, Վաղարշակ Հարությունյանը խոսում է այս պայմանավորվածւթյան (հուշագրի) մասին, որը նա անձամբ է ստորագրել Մոսկվայում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո (2020թ. դեկտեմբերի 17-ին):

Որտեղից նման վստահություն: Փաստն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն, ըստ էության, «Զինուժ»-ին վերը նշված հարցազրույցում մեջբերել է այս պայմանագրի որոշ կետեր: Ինչպես ասում են, ամեն ինչ արդար է: Բայց․․․ Միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանը թաքցրել է (կամ մինչև վերջ չի խոսել) պայմանագրի ևս մեկ կետ: Մասնավորապես, հինգերորդ կետը, որն ասում է՝ նախ՝ «ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը», երկրորդ՝ «իրականացնում է ճանապարհի այս հատվածից օգտվելու իր իրավունքը»:
ТРАССА ИЗ АРМЕНИИ СТАЛА «ЛОВУШКОЙ» ДЛЯ ИРАНА

Այսինքն՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը, որը վերահսկում է ճանապարհի այս հատվածը, չեն կարող որևէ պահանջ ներկայացնել «երրորդ կողմին», քանի որ Ադրբեջանը թողնում է «հայկական ամեն ինչ», իսկ ինչ վերաբերում է իրանականին, այս դեպքում «իրականացնում է իր իրավունքը»: Ստացվում է, որ իրականում Իրանի համար գլխացավանքը ստեղծվել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեթև ձեռքով:

Հասկանալի է նաև, որ Վաղարշակ Հարությունյանը չէր կարող ստորագրել տվյալ փաստաթուղթը առանց գործող իշխանությունների իմացության: Սակայն ամեն դեպքում նա ընտրություն ուներ՝ հրաժարական տալ: Թեկուզ այն պատճառով, որ ժամանակին նեղ շրջանակում հայտարարել էր, որ, իբր, «անձամբ կգնդակահարի ցանկացածին, ով աչք կդնի Սյունիքի վրա»: Եվ ուրեմն ինչու՞ «ինքնասպանություն» չգործեց:

Ի՞նչը ստիպեց Վաղարշակ Հարությունյանին գնալ նման խայտառակ քայլի: Քայլի, որը կարող է Իրանի համար փակել Կովկասի «պատուհանը» (դրանից բխող բոլոր հետևանքներով) բառի ուղիղ, այլ ոչ փոխաբերական իմաստով:

Քայլի, որով Ադրբեջանն այսօր շանտաժի է ենթարկում Հայաստանին:

Իհարկե, կարելի է ամեն բան բարդել Ռուսաստանի վրա, որը այս պայմանագրի կողմերից մեկն է: Այս կոնտեսքտում հիշեցնում եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Վստահ եմ, որ Ռուսաստանը շատ անկեղծորեն ասում է Փաշինյանին, թե ինչ է մտադիր անել այստեղ, Հայաստանում, Ղարաբաղում, տարածաշրջանում: Սակայն Փաշինյանը չի էլ հասկանում, թե ինչ են իրեն ասում ռուսները»:

Միգուցե Վաղարշակ Հարությունյանը ե՞ւս չի հասկացել (կամ չի ցանկացել հասկանալ):

Այժմ ընդդիմությունը լռում է այս համաձայնագրի վերաբերյալ, Իրանը ռազմատենչորեն է տրամադրված և չի պատրաստվում հետևել, թե ինչպես են իրեն ճնշում, քանի որ տվյալ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար: Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ապա նա կասի, որ առաջնորդվել է ազգային շահերով, անհրաժեշտ էր իրավիճակը հանդարտեցնել, խաղաղ համակեցություն սկսել... Իսկ կարդալ փաստաթղթերը, որոնք ստորագրո՞ւմ եք:

Եվ վերջում՝ խոչընդոտներով ճանապարհի մասին: Իրանը պատրաստ է օգնել Իրանից Հայաստան նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցմանը: Այս մասին հայտարարել է Հայաստան ժամանած Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին: Իսկ անցյալ շաբաթ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպանին և վստահեցրեց, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:

Նրա խոսքով՝ Տաթև-Կապան ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ: Այս պահին կառուցվում է Տաթև-Աղվան ճանապարհի մի հատվածը:

Տողերի հեղինակը կցանկանար լավատեսական նոտայով ավարտել հոդվածը, սակայն, ցավոք, ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Նրանց, ովքեր եղել են այդ մասերում, ծանոթ են Սյունիքի ռելիեֆին և այլ առանձնահատկություններին, կհասկանան ինձ: Բայց սա բոլորովին այլ պատմություն է, եկեք սպասենք, մանավանդ, որ մինչև նոյեմբերի վերջ երկար ժամանակ չի մնացել:

News.am