Միրզոյան. Հայաստանը ողջունում է բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

Հայաստանը ողջունում է բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին հոկտեմբերի 13-ին Երևանում Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ վերջերս այս մասին խոսել է խորհրդարանում: ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում անցկացված հանդիպումը, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել և փորձել լուծել առաջին հերթին հումանիտար խնդիրները՝ հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրի պարզումը, հայկական մշակութային արժեքների հասանելիությունը, որոնք մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և այլ հարցեր, ինչից հետո անցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական բաղադրիչին` կարգավիճակի քննարկմանը:

Հարցին՝ նախատեսվու՞մ է արդյոք միջնորդների այցը տարածաշրջան, նախարարն ասաց, որ այս հարցում դիրքորոշումը շուտով պարզ կդառնա, և պատասխանելու հնարավորություն կլինի: Ընդհանուր առմամբ, հանդիպումները պլանավորվում են, համենայնդեպս, գործընթացը և հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն կա, հայտնել է Միրզոյանը, տեղեկացնում է News.am: