ՀԱՅՈՑ ՎԵՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ՝ ԱՆՑՅԱԼԻ ՀՈՒՇ

Իշխանությունը վաղուց հրաժարվել է ոչ միայն Արցախի ապազավթման, այլև անգամ թշնամու վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին խոսելուց։ Ավելի քան կես տարի է՝ որևէ հայ ուխտավորի չի հաջողվել լինել Դադիվանքում, իսկ մեր վերահսկողության ներքո գտնվող Գանձասարի կամ Ամարասի վանական համալիրներ հայերը հասնում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Թշնամին նույնիսկ ստիպում է Ամարասի պարսպից իջեցնել Արցախի պետական դրոշը։

Մի քանի եկեղեցական համալիրների պահպանության հիմնահարցերի շարքում բացարձակ չի խոսվում Արցախի Տիգրանակերտի պահպանման անհրաժեշտության մասին։ Տիգրանակերտը զբոսաշրջային ուղերթների մոդայիկ ուղղություն չէր, ինչպես Շուշին կամ Գանձասարը, այդ պատճառով մեր բնակչության մեծագույն մասն այնտեղ չի եղել և չի էլ կարող պատկերացնել կորստի գինը։ Մինչդեռ այն հայկական պետության սահմաններում պեղված նախաքրիստոնեական ժառանգության թագն ու պսակն էր։

Հնագիտական արշավախումբը՝ պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, 15 տարի շարունակ՝ 2005-ից 2020-ը, հետևողականորեն պեղեց հնագույն հայկական այս բնակավայրը և դրանով իսկ գիտականորեն ապացուցեց Արցախի և ազատագրված տարածքների պատկանելությունը հայ ժողովրդին դեռևս վաղնջական ժամանակներից։

Տիգրանակերտը լիովին իրավունք ունի դասվելու Հորդանանի Պետրայի կամ Սիրիայի արդեն ավերված Պալմիրայի շարքին՝ իբրև համաշխարհային մշակույթի կոթող։ Նույն մասշտաբայնությունն է, նույն անտիկ մոնումենտալիզմը, անգամ նույն պատմական ճակատագիրը և նույնիսկ քաղաքային մշակույթի որոշ նույնատիպ դրվագներ։ Հարևան ազգերից յուրաքանչյուրը կերազեր իր հնագույն պատմության նման կենդանի վկայություն պահպանած լինել։

Դպրոցական նստարանից մեզ պատմում են Տիգրան Մեծի աշխարհակալ պետության ստեղծման և Տիգրանի փառքի մասին։ Բայց այդ դասը ոչինչ է, եթե այն չես զգում։ Իսկ դա զգալու միայն մեկ տեղ կար ամբողջ Հայաստանում և Արցախում՝ Տիգրանակերտը, որն , ի դեպ, Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է։ Այն ոչ թե եզակի կառույց է, այլ մի ամբողջ անսամբլ՝ միջնաբերդ, ամրացված թաղամաս, բազիլիկ եկեղեցի, դամբարանադաշտ, քարայր, ջրանցք, ամրոց և այլն։

Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ հասցրել էին լինել այնտեղ, երբեք չեն մոռանա այդ զգացողությունը։ Երբ կանգնում էիր Տիգրանակերտի բացված միջնաբերդի պարիսպների վրա, նայում առաջ՝ հարթավայրին, մտովի պատկերացնում էիր այդ վաղմիջնադարյան քաղաքի եռուն կյանքը, եռուզեռը, անցուդարձը, փառքը, անգամ Տիգրանի կերպարը։

Պատկերացնում էիր մեր թվարկությունից առաջ 1-ին դարում հիմնադրված այդ քաղաքը՝ թաղված այգիների մեջ, ամբողջությամբ սպիտակ կրաքարից՝ լեռան լանջին ի վեր։ Ապա տեսնում առջևդ փռված Ակնայի ավերակները, հիշում, որ այն արցախյան առաջին պատերազմում հայկական զենքի փառահեղ հաղթանակի վկայությունն է։ Ակնան հենց այդպես՝ ավերակների մեջ, իբրև երբեմնի ծաղկուն ադրբեջանական քաղաք, առաջացնում էր Տիգրանի հաղթանակների պատմականության զգացողությունը։

Հայաստանի որևէ այլ հնավայրում հնարավոր չէ զգալ պատմական այն մասշտաբայնությունը, որը կար Արցախի Տիգրանակերտում։ Ինչպես Ազոխի քարանձավը կամ մյուս նախաքրիստոնեական հուշարձանները, Տիգրանակերտը ևս հայտնվել է թշնամու արյունոտ ճիրաններում, ու դրանից հայկական հետքը ջնջվելու է։ Այն, ինչ հնարավոր էր փրկել՝ մինչև Ակնայի հանձնումը դուրս բերվեց Տիգրանակերտի թանգարանից և այսօր պահվում է Երևանում՝ որպես անցյալի վերհուշ, և նույնիսկ ցուցադրված չէ։