Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները գերիներին ազատ արձակելու կոչ են արել

Կրոնական առաջնորդները հանուն ներկա և ապագա սերունդների բարօրության և բարգավաճման պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը։ Այս մասին ասված է հայտարարության մեջ, որն այսօր կայացած եռակողմ հանդիպումից հետո տարածել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Պատրիարքը նշել է, որ կրոնները բացառիկ խաղաղապահ ներուժ ունեն հատկապես ազգամիջյան հարաբերություններում։

«Որքան էլ այս փուլում բարդ լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, մենք կարծում ենք, որ հենց Աստծո հանդեպ հավատն ու սերը կարող են օգնել բուժել բազմամյա ողբերգական դիմակայության հասցրած վերքերը: Դա շատ դժվար ճանապարհ է և հոգևոր իմաստություն ու խորաթափանցություն է պահանջում», - նշել է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։

Նրա խոսքով` ադրբեջանցի և հայ ժողովուրդներն այլ ապագա չունեն, քան իրար կողքի գոյակցելը։

«Այսօր հատկապես կարևոր է, որ վերականգնվի վստահությունը միմյանց նկատմամբ, մարդիկ կրկին սովորեն հարևանին ընկալել հարգանքով և օգնության հասնելու պատրաստակամությամբ», - նշել է պատրիարքը։

Նա կոչ է արել հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող զենքի կիրառումը:

«Պետք է ձգտենք խուսափել ատելության լեզվից, ձեռնպահ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից։ Ռուս ուղղափառ եկեղեցին աղոթում է իր երկու բարեկամ ժողովուրդների հաշտեցման համար և պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել, որպեսզի Հարավային Կովկասում ամուր և արդար խաղաղություն հաստատվի», - ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: