ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆԱԿՈՒՄ Է ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԻՍԿ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԴԱՐՁՆՈՒՄ է ՀԱՆՑԱԿԻՑ …

Խափանման ի՞նչ միջոց կընտրի դատարանը «Աշոտ Երկաթի» համար

Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցները առգրավել են Վերաքննիչ քրեական դատարանի ծառայողական համակարգիչը, որով իրականացվում էր դատավորների ընտրությունը՝ համապատասխան գործերը բաշխելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ դատական ողջ համակարգի սերվերի առգրավման մասին։

Այսուհետ դատավորների ընտրությունը կատարվում է ոչ պատահական հիմունքներով, որպեսզի կոնկրետ գործերով զբաղվեն «վնգստացող» դատավորները։ Նախկին «հանցավոր» իշխանության օրոք դրանով զբաղվում էր համակարգիչը, հիմա դատավորների նշանակման գործընթացը ղեկավարում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները յուրացրած Գագիկ Ջհանգիրյանը։ Ռեժիմը հաշվեհարդար է տեսնում իրեն ոչ հաճո մարդկանց հետ՝ շինծու քրեական գործերի և դատական սանկցիաների միջոցով։

Այս առնչությամբ հատուկ մտահոգություն է առաջացնում Վճռաբեկ դատարանի որոշումը՝ բավարարելու նախորդ որոշումների չեղարկման և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ») կալանավորման հիմքերի վերաբերյալ գործը Առաջին ատյանի դատարանում վերաքննելու մասին դատախազի դիմումը։ Դատախազությունը միջնորդել է, որպեսզի չեղարկվեն Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումները, ինչպես նաև՝ որ Մինասյանի նկատմամբ կայացվի որպես խափանման միջոց կալանքի կիրառման մասին դատական ակտ:

Հիշեցնեմ, որ 2020թ.նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից գրեթե անմիջապես հետո քրեական գործ հարուցվեց Փաշինյանի դեմ մահափորձի նախապատրաստման վերաբերյալ։ Մինասյանից բացի, մեղադրանքներ ներկայացվեցին նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանին։

Այս մեղադրանքն առաջացրեց բողոքի զանգվածային ակցիաների շարան, արդյունքում թիմակիցները համոզեցին Փաշինյանին կոծկել գործը, որպեսզի խայտառակ չլինեն։ Ակնհայտ էր, որ մեղադրյալների ընտրությունն ու մեղադրանքի բովանդակությունը թելադրված էին Փաշինյանի վախերով ու հետապնդման ահագնացող մոլուցքով։ 5 հազար հայ երեխաների զոհաբերած և պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնած մարդն այդ օրերին խուճապահար վախենում էր իր կյանքի համար։

Այն ժամանակ Փաշինյանը ստիպված եղավ նահանջել բողոքի ակցիաների ճնշման տակ։ Այժմ նա, ամենայն հավանականությամբ, որոշել է վերադառնալ մեղադրանքին և կալանավորել Մինասյանին։ Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է՝ «Գուդոկ» թերթի պես։ Կապիտուլյանտին լիովին գոհացրել է հասարակության պասիվ արձագանքը Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարների կալանավորմանը, ուստի նա որոշել է վերադառնալ շինծու գործին՝ այն մասով, որտեղ խոսքը ապօրինի զենք պահելու մասին է։

Ի՞նչ կարելի է ասել այս առիթով. «Սիսական» ջոկատի հրամանատարը հնարավոր կալանքից հետո էլ կմնա «Աշոտ Երկաթ», իսկ Նիկոլն ազատության մեջ էլ կլինի այն, ինչ կա...

Առուշի վարկաբեկումն ու դիմակների շոուն

Փաշինյանին քիչ է թվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բանտում փակելը, նա շատ է ուզում արատավորել հերոսի բարի անունը։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը (ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ) հատուկ հանձնարարություն է ստացել Փաշինյանից. նախընտրական քարոզչության ընթացքում նա Գորիսում լուրեր է տարածում, թե Առուշը, իբր, չի մասնակցել 44-օրյա պատերազմին։

Եթե հոկտեմբերի 17-ի ընտրությունները Գորիսում անցնեն առանց խախտումների, ապա կհաղթի «Առուշ Առուշանյան» դաշինքը: Չեն կարող Գորիսի բնակիչները հավատալ, թե իրենք չեն կռվել իրենց քաղաքապետի հետ։ Առուշանյանի մասնակցությունը մարտական գործողություններին բառացիորեն երեկ հաստատել է ոչ միայն ՊՆ-ն, այլև նրանք, ովքեր նրա հետ կողք-կողքի կռվել են խրամատներում։ Հետաքրքիր է, Խաչատրյանը գոնե մի պահ ամաչե՞լ է իր ստի համար։

Չեն կարող հավատալ Գորիսի ձերբակալված փոխքաղաքապետ, հաշմանդամ Մենուա Հովսեփյանի մարտական ընկերները, թե միասին ուս-ուսի չեն կռվել Արցախի առաջին ազատամարտում։ Քաջարանի երիտասարդ բնակիչները չեն հավատա, որ Մանվել Փարամազյանը 44-օրյա պատերազմի ժամանակ շրջապատումից դուրս չի բերել իր ջոկատի 30 մարտիկներին, քանի որ հենց իրենք էին այդ մարտիկները: Նրանց հայրերը Փարամազյանի հետ միասին կռվել են Առաջին ազատամարտում, իսկ ավագ եղբայրները՝ Քառօրյա պատերազմում

Չեն կարող հավատալ Գորիսում ապրող արցախցի փախստականները, թե փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, որին ներկայացվել է ընտրողներին կաշառելու շինծու մեղադրանք, չի զբաղվել իրենց տեղավորելով, տրանսպորտի տրամադրումով, սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների ապահովումով... Վարչապետի աթոռին նստած կապիտուլյանտը տենչում է արատավորել բոլորին և միանգամից, բայց ճշմարտությունը համառ բանն է, վաղ թե ուշ ելնում է ջրի երես։ Մարտական ընկերները տեսախցիկների առջև պատմեցին, թե ինչպես է Առուշի հայրն օգնել իրենց՝ ռազմական գործողությունների գոտի ուղարկելով վրաններ և այլ հանդերձանք…

Մեղրիում բոլորին է հայտնի համայնքի նախկին ղեկավար, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի մասնակցությունը մարտական գործողություններին։ Նրան անհրաժեշտ է 44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ձեռքի երկրորդ վիրահատությունը։ Մեղրիում գիտեն, որ կալանավորման իրական պատճառը Զաքարյանի պատասխանն էր «Սյունիքի համայնքապետերին ասֆալտին պառկացնելու» մտադրության մասին Փաշինյանի հայտարարությանը։ «Ինքն անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ի՞նձ պիտի պառկացնի, ո՞նց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողությանը, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»,- հայտարարել էր Մխիթարը։

Զաքարյանի ձերբակալությունը ոստիկանները վերածեցին դիմակների շոուի։ Փաստաբան Երեմ Սարգսյանը պատմեց, որ Զաքարյանի հետ կանչով ներկայացել է ոստիկանության բաժին։ Նրանց առաջարկել են սպասել փողոցում, իսկ 2-3 րոպե անց մոտեցել են երկու միկրոավտոբուս, որոնցից դուրս են նետվել տասնյակ մարդիկ՝ դիմակներով ու ավտոմատներով։ Նրանք ասֆալտին են պառկեցրել Զաքարյանին՝ ձեռնաշղթաներ հագցնելով։ Շոուն ոստիկանները նկարահանել են, որպեսզի հաշվետվություն ներկայացնեն պատվիրատուին....

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Որոտան տարածքային միավորի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, Սյունիքի մեծ ու փոքր մյուս համայնքների ղեկավարները մասնակցել են Արցախյան բոլոր երեք պատերազմներին։ Փաշինյանի Սյունիք կատարած սկանդալային այցից հետո սկսվեցին հալածանքները տեղական մակարդակի ղեկավարների դեմ։ Ամենից վատ կապիտուլյանտին ընդունել էին Մեղրիում, նա քաղաքում մնացել էր ընդամենը մի քանի րոպե, որից հետո ստիպված էր եղել նստել մեքենան ու հեռանալ։ Բոլոր պատուհաններից նրան գոչում էին. «Դավաճա՛ն»։

Փաշինյանը անասելի ատելություն է տածում Արցախն ազատագրողների հանդեպ

Բանտախցում լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական սպանությունից հետո կապիտուլյանտի ախորժակը բացվել է և այժմ կալանքի տակ է պահում արցախյան մարտական գործողությունների միանգամից մի քանի վետերանների: Հիշեցնեմ, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը 3 ամիս շարունակ չէր կարողանում եզրակացություն տալ օնկոլոգիայով և ինսուլինային կախվածությամբ դիաբետով տառապող մարդուն կալանքի տակ պահելու անթույլատրելիության մասին։

Գեներալին դատարանի նիստերին բերում էին սայլակով, Հանրային հեռուստատեսությունն ապահովում էր ցուցադրումը խոշոր պլանով։ Բայց թերթերը գրում էին ոչ թե գեներալի վատ տեսքի, այլ այն մասին, որ Նիկոլը սպանում է ոչ միայն Մանվելին, այլև դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը դատապարտել է Նիկոլին մարտի 1-ի գործով։ Փաշինյանը ստիպեց դատավորին փաստացի զբաղվել մարտական գեներալի հրապարակավ սպանությամբ։ Մարտիրոսյանը հրաժարվում էր փոխել խափանման միջոցը. Գրիգորյանին ազատեցին կալանքից, երբ նրա վիճակն անհուսալի էր…

Այսօր ընդդիմադիր լրատվամիջոցները նշում են, որ Փաշինյանը նպատակաուղղված սպանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այս պահին կալանքի տակ է քաղաքացիական հիվանդանոցում: Չարչյանը հայտնի է որպես բժիշկ, որը ոտքի է կանգնեցրել բազմաթիվ վիրավոր ազատամարտիկների։ Վերջերս նա սրտի վիրահատության է ենթարկվել, տառապում է ինսուլինային կախվածությամբ դիաբետով։ Բժիշկների դեմ բռնաճնշումները ռեժիմը սկսել է Արա Մինասյանից, որին լավ գիտեն Արցախյան առաջին ազատամարտի բազմաթիվ վետերաններ։

Կապիտուլյանտն անասելի ատելություն է տածում Արցախն ազատագրողների, մարտական գործողությունների բոլոր մասնակիցների հանդեպ։ Ինքը՝ Փաշինյանը, 2016թ. Ապրիլյան պատերազմի ավարտից մեկ ամիս անց մեկնեց շփման գծից շատ հեռու մի տարածք, այնտեղ խրամատ փորեց իր կուսակիցների հետ, որպեսզի վերադառնալով՝ անվանի այդ էքսկուրսիան մասնակցություն մարտական գործողություններին։ 44-օրյա պատերազմին Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարության ներքո «Էրատո» ջոկատի և նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի «մասնակցության» մասին այստեղ կլռենք, այդ մասին առանց այդ էլ շատ բան է ասվել։

Մեր նպատակն է՝ հրավիրել հասարակության ուշադրությունը «Սիսական» ջոկատի հրամանատարին կալանավորելու նոր փորձի և Սյունիքի կալանավորված նախկին ու ներկա ղեկավարների՝ մարտական գործողությունների մասնակիցների նպատակաուղղված վարկաբեկման վրա։ Պատերազմից անմիջապես հետո մարդիկ դուրս եկան փողոց՝ աջակցելու հրամանատարին. այսօր Մինասյանի գլխավերևում կրկին կախված է կալանքի վտանգը։ Փաստաբանները միաձայն նշում են, որ բացի կալանքից, օրենսդրությամբ նախատեսված են խափանման նաև այլ միջոցներ, բայց Փաշինյանը մեծ հաճույքով բանտախուց կնետի Արցախյան բոլոր երեք պատերազմների անխտիր բոլոր մասնակիցներին, իսկ հասարակության պասիվությունը լոկ խթանում է նրա մոլուցքը։

Պատերազմի մասնակիցների դեմ թխում են տիպային մեղադրանքներ և որպես խափանման միջոց կիրառում կալանքը, իսկ մենք լռո՛ւմ ենք։ Մեզ ասում են, թե Առուշանյանը չի կռվել, մենք կրկին լռում ենք, մեզ ասում են, թե Մինասյանը ապօրինի զենք է պահում (և դա՝ Փաշինյանի դեմ մահափորձի մեղադրանքից հետո), մենք շարունակում ենք լռել: Իշխանությունը ծանակում է հերոսներին, իսկ լուռ թողտվությունը մեզ դարձնում է այդ անարգանքի հանցակիցը…

Основная тема:
Теги: