«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔԸ ՆՎԱՃԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ Է ԽՈՍՏԱՑԵԼ
«Քաղաքացիական պայմանագրի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին Սյունիքը նվաճելու դիմաց Նիկոլ Փաշինյանը մարզպետի պաշտոն է խոստացել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Իշխանությունների համար հույժ կարևոր այս օպերացիայի հրամանատարը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ժամանակներում ՃՈ պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանն է։ Սրանով է պայմանավորված, որ նա ջանք չի խնայում ՔՊ թեկնածուների համար, որոնց մեծ մասն իր «դաբրոյով» է առաջ քաշվել, ինչի արդյունքում իր դեմ է հանել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և նրա կողմնակիցներին»,- նշում է պարբերականը։
«Հրապարակը» նաև ընդգծում է, որ մարզում նախընտրական ու ներկուսակցական սկանդալներն այս հողի վրա են լինում, մարզպետը ոչինչ չի անում Գորիսում իրենց թեկնածուների հաղթանակի համար, քանի որ ստիպված է լինելու աթոռը հանձնել Խաչատրյանին, և իր ներկայացրած թեկնածուն էլ հավանության չի արժանացել։ Խաչատրյանը պարբերականին ասել է, որ ինքը Սյունիքի մարզպետ դառնալու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն ունի, գործող մարզպետն էլ իր ընկերն է, և իրենք չեն կարող հակամարտության մեջ լինել։
Հիշեցնենք` Սյունիքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն առաջիկա կիրակի` հոկտեմբերի 17–ին։