Զախարովա. Խաղաղապահները պարզում են Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի զոհվելու հանգամանքները
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քայլեր է իրականացնում՝ պարզելու Մարտակերտի շրջանում ադրբեջանական հրաձգության հետևանքով խաղաղ բնակչի զոհվելու հանգամանքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ցավակցություն հայտնելով զոհվածի բոլոր հարազատներին և մերձավորներին։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով մահացու վիրավորվել է խաղաղ բնակիչ։
«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անընդհատ փոխգործակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ»,- նշել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ սույն ողբերգական դեպքը հաստատում է երեք երկրների ղեկավարների բոլոր որոշումների և հայտարարությունների անշեղ կատարման կարևորությունը. «Մենք կոչ ենք անում երկու կողմին որքան հնարավոր է շուտ վերացնել առկա փոխադարձ գրգռիչ պահերը հումանիտար դաշտում, փոխանակել գերիներին բոլորին բոլորի դիմաց սկզբունքով և փոխանակել ականադաշտերի քարտեզները լրիվ ծավալով»,- ընդգծել է Զախարովան, տեղեկացնում է News.am-ը։