ԿԱՊԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ Է ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 29-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈ՞ՂԸ

Մեր կանխատեսումներն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 29-ամյա Դավիթ Դանիելյանը բնակչության հետ հանդիպումների անվան տակ նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Կապանում, արդարացան։

Իշխող կուսակցությունը կադրերի սուր դեֆիցիտի պայմաններում որոշել է կառավարման փորձից զուրկ մարդուն՝ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողին վստահել սահմանամերձ համայնքը, որը բոլոր ժամանակներում գլխավորել են փորձառու ղեկավարներ:

Դանիելյանը ծնունդով Կապանից է, այդ հանգամանքի շնորհիվ էլ դարձել է պատգամավոր։ Հաճախակի դարձած այցելությունները հայրենի համայնք և բնակիչների հետ հանդիպումները Դանիելյանը հարցազրույցներից մեկում պատճառաբանեց պատգամավորական պարտականություններով: Այն մասին, որ կուսակցությունն առաջադրել է նրա թեկնածությունն ընտրություններում, հայտնի դարձավ ավելի ուշ։ Սահմանամերձ համայնքի ղեկավարի պաշտոնում 29-ամյա նկարչի ներուժի մասին կարելի է դատել ԶԼՄ-ներում նրա ունեցած ելույթներից, սակայն չենք ձանձրացնի ընթերցողին մեջբերումներով, քանզի առանց այդ էլ ամեն ինչ ծայրաստիճան պարզ է։

Կապանում նոյեմբերի 14-ին նշանակված ընտրությունների նախապատրաստման մասին մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը բանակցություններ է վարում իր մասնակցության հարցով։ Այժմ արդեն հայտնի է, որ նա կգլխավորի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը: Այդ կուսակցությանը կաջակցեն ՀՀԿ տեղական ստորաբաժանումը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ տեղական ստորաբաժանումը, ազգային օրակարգ ունեցող այլ ուժեր։

Հիշեցնեմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնում Փարսյանի լիազորությունների ժամկետն այս տարի չի լրացել։ Արտահերթ ընտրություններ նախաձեռնելու համար Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դրդեց համայնքի խորհրդի անդամներին «կամավոր» հրաժարական տալ, ինչը հանգեցրեց «օրինական» հիմքով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության։

Պողոսյանն ու ՔՊ-ի տեղական ստորաբաժանումը ակտիվ աշխատանք են տանում ժողովրդի շրջանում, նախընտրական խոստումներ շռայլում ՝ փորձելով մեծամասնություն ապահովել համայնքի նոր խորհրդում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կապանում հաղթել է Փաշինյանի կուսակցությունը։ Եթե ազգային օրակարգ ունեցող ուժերն ակտիվ քարոզարշավ անցկացնեն, ապա «Շանթ Դաշինք» կուսակցության ցուցակը կարող է հաղթել։ Տվյալ դեպքում, հաղթանակի ստույգ կանխատեսումներ կառուցելը դժվար է։

Գևորգ Փարսյանը փորձառու ղեկավար է, նա վայելում է կապանցիների վստահությունն ու աջակցությունը։ Իշխող ուժի ցուցակի հաղթանակի դեպքում Կապանը կգլխավորի Գեղարվեստի ակադեմիայի 29-ամյա ուսանողը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…

Основная тема:
Теги: