Կայացվել է նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման II փուլին անցնելու որոշում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները միավորման շրջանակներում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու որոշում են կայացրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումից հետո հաստատվել է ութ փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու մասին» որոշումը: Ընդունվել է նաև «Կլիմայի օրակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական համագործակցության մասին» հայտարարություն:

Բացի այդ, արձանագրություն է ընդունվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակների մասով:

Առաջնորդների որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև զգայուն ապրանքների ցանկում, որոնց վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կարող է փոխել ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը, հաստատվել է ԵԱՏՄ մարմիններում 2019 թվականին արտաքին աուդիտի արդյունքների վերաբերյալ զեկույցը, որոշում է կայացվել ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների խորհրդի անդամի փոփոխման մասին, տեղեկացնում է News.am: