Օհանյան․ Իրանի անցկացրած զորավարժությունները լուրջ աջակցություն էին Երևանի համար

Իրանի անցկացրած զորավարժությունները բավական լուրջ աջակցություն էին Հայաստանի համար` Սյունիքով այսպես կոչված «միջանցքների» և ճանապարհների հարցում ճնշումների կիրառումը բացառելու հետ կապված: Այս մասին News.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր դարավոր հարևանն ու բարեկամ երկիրն է, որն օգնում է Հայաստանին դուրս գալ արտաքին աշխարհ: Մեր երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորություն միշտ կա, այդ թվում՝ քաղաքական և պատմական հարթություններում: Համագործակցության զարգացման անհրաժեշտությունը հատկապես զգացվում է տնտեսական և անվտանգության ոլորտներում: Անհրաժեշտության դեպքում պետք է խորացնել համագործակցությունը ռազմավարական ոլորտում, կնքել նոր պայմանագրեր», - նշեց նա:

Ինչ վերաբերում է Իրանի հետ ռազմական դաշինք կնքելու նպատակահարմարության հարցին, պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցության մասին: