Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախում հայկական հենակետի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ բացելուն, գրում է.

«Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում։

Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերվում։

Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որի մի մասն ուղղակի չի հանրայնացվել։

Ճիշտ է՝ ռուսական խաղաղապահ ուժերն անընդհատ կանխում են իրադրության էսկալացիոն զարգացումները, բայց դրանից ադրբեջանական ագրեսիան չի նվազում և շփման գծի տարբեր հատվածներում տարաբնույթ դրսևորումներ է ունենում։

Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել հետևյալն է՝ ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է և դա տեղի է ունենալու Հայաստանի իշխանությունների լռության, կրավորական կեցվածքի, անտարբերության և Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում»։

Panorama.am