Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ոուս խաղաղապահներն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Ռուս խաղաղապահ զորախումբը ձեռքբերված հրադադարի ռեժիմի երաշխավորն է: Մեր օգնությամբ է իրականացվում նաև հումանիտար բեռների տեղափոխումը, տարածքները մաքրվում են ականներից, և, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ երկու կողմից էլ, երկու տարածքներում էլ՝ Ադրբեջանում և Հայաստանում, վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն, տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տները՝ ավելի քան 52.000 մարդ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ ԱՊՀ տարածքն առանց տարաձայնությունների և հակասությունների չի կարողանում: «Եվ դա իսկապես վատ է, երբ այդ հակասությունները սուր հակամարտությունների են հանգեցնում ԱՊՀ անդամ երկրների միջև, ինչպես դա եղավ, ցավոք, անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում»,- ասել է նա: Պուտինը երախտագիտություն է հայտնել ԱՊՀ իր գործընկերներին՝ հակամարտությունը դադարեցնելու Ռուսաստանի գործողությունները գնահատելու համար:

Խոսելով ԱՊՀ 30-ամյակի մասին` Պուտինը նշել է, որ ռուսական կողմն աջակցում է Համագործակցության տարեդարձի կապակցությամբ Բելառուսի նախաձեռնությամբ նախապատրաստված հայտարարության նախագծին, որն ամփոփում է կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները և երկարաժամկետ զարգացման խնդիրներ է սահմանում: «Իսկապես, երեք տասնամյակի ընթացքում ԱՊՀ-ն երկար ճանապարհ է անցել, հաստատվել է որպես տարածաշրջանային ինտեգրացիոն հեղինակավոր ասոցիացիա, որի շրջանակներում անդամ երկրները ձգտում են հարաբերություններ կառուցել բարիդրացիության, գործընկերության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը: Սակայն, նրա կարծիքով, գլխավորն այն է, որ «մեզ հաջողվեց պահպանել, իսկ որոշ ոլորտներում զարգացնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, որոնք կուտակվել են երկար տարիներ մեկ պետությունում ապրելու ընթացքում»:

News.am