Ո՞ՒՐ ԵՆ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ ՏԱԿ ՊԱՌԿՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

Բնապահպանական խնդիրները բարձրաձայնող հանրային շրջանակները, էկոակտիվիստներն ու ոլորտային ՀԿ-ներն, ինչ խոսք, կարևոր դերակատարում ունեն ցանկացած ժողովրդավար երկրի հանրային կյանքում, եթե, իհարկե, պայքարն ուղղված է խնդիրների լուծմանը, ոչ թե ծառայում է դրամաշնորհ տրամադրողի շահերին՝ ընդդեմ օրվա իշխանության։ Թվում էր՝ շրջակա միջավայրի պահպանությունը գոնե այն ոլորտն է, որի տիրույթում աշխատող ոչ պետական շրջանակները պետք է ահազանգ հնչեցնեն՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։

Տասնամյակներ շարունակ Հայաստանում բավական տարածված էին փոքրաթիվ, բայց ազդեցիկ բնապահպանական ակցիաները՝ ոչ միայն քաղաքացիական, այլև քաղաքական կոչերով։ 1990-ականներին շրջակա միջավայրին հասցված անդառնալի վնասի՝ համատարած անտառահատման փուլում բնապահպանական ՀԿ-ներ գրեթե չկային, և առաջին նախագահի պաշտոնավարման օրոք տասնյակ հազարավոր հեկտարների կանաչապատ տարածքների ոչնչացման պատասխանատվությունն այդպես էլ որևէ մեկը չկրեց։

Փոխարենը՝ 2000-ականներին և հատկապես 2010-ականներին շրջակա միջավայրի պաշտպաններն աղմկոտ պայքար սկսեցին՝ իրենց շարքերում ներգրավելով ավելի ու ավելի լայն հանրային շերտերի։ Բնապահպան ակտիվիստները տապալում էին կառավարական հավաքը՝ բնապահպանության նախարարին առաջարկելով հանքավայրից բերված ջուր խմել, Երևանի ավագանու անդամները Նուբարաշենից տարայով կոյուղաջուր էին տանում և փորձում դնել Երևանի քաղաքապետի սեղանին, առավել խիզախներն էլ Մաշտոցի պուրակում պառկում էին բուլդոզերների տակ՝ փորձելով փրկել մի քանի ծառի կյանք։

Եթե անգամ մեթոդները կամ ֆինանսավորման աղբյուրներն ու իրական նպատակները կասկածելի էին, միևնույն է՝ բնապահպան ակտիվիստների ջանքերը պետք է գնահատել, քանի որ այդկերպ հնարավոր էր լինում թեկուզ փոքր, տեղային խնդիրներ լուծել, օրինակ՝ փրկել Մաշտոցի պուրակը (ինչպես հայտնի է, այն սկսեց կառուցապատվել արդեն գործող քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք)։ Թերևս, շրջակա միջավայրի պաշտպանների խոսքում և գործողություններում ցուցադրականությունը չափից դուրս շատ էր, իսկ բովանդակությունը գրեթե բացակայում էր։

Եթե դառնանք այսօրվա իրողություններին, բանից անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե վերջին երեքուկես տարում մեր բնապահպանական խնդիրները հիմնավորապես լուծված են։ Եթե չհաշվենք անցած տարի Ամուլսարի պաշտպանների մի քանի տեղային ակցիաները, որոնք, չար լեզուների պնդմամբ, ամենևին էլ շրջակա միջավայրի պահպանության ազնիվ մղումով չէին արվում, մեզ ծանոթ բնապահպանների և ոլորտային ՀԿ-ների ձայնը գրեթե չի լսվել։

Նրանց, հավանաբար, պետք է հիշեցնել, որ Արցախում տասնյակ հազարավոր հեկտարների անտառածածկ տարածք է տրվել թշնամուն, մի շարք գետերի ակունքներ անցել են Ադրբեջանին, Սոսիների պուրակի մի մասը ևս թշնամին է վերահսկում։ Հընթացս՝ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզական աշխատանքները մի քանի համայնքներում շարունակվում են, այսինքն՝ Սյունիքի և Լոռու մարզերում մետաղական հանքարդյունաբերության տեմպերի ավելացում է լինելու։ Սա այն դեպքում, երբ այլևս որևէ նոր մետաղական հանքի շահագործման թույլտվություն չտալու խոստումներ էին տրվում, Լենա Նազարյանը վկա։

Այս ամենի ֆոնին՝ ո՞ւր են բուլդոզերների տակ պառկող խիզախ բնապահպան ակտիվիստները։ Թե՞ նրանց պայքարը նախկինում խիստ քաղաքական էր և ոչ թե քաղաքացիական։ Ստացվում է՝ մեր բնապահպանական հանրույթը ստի և կեղծիքի վրա հիմնված, հանրային խնդիրները սեփական շահերից ելնելով շահարկելու փորձեր անող հերթական ակտիվիստական խո՞ւմբն է, թե՞ իշխանության հետ ինչ-որ պայմանավորվածություն ունի։

Մինչդեռ արցախյան շարժումն սկսվում էր հենց բնապահպանական ցույցերով։ Դեռևս 1987-ի աշնանը Երևանում առաջին փողոցային ակցիաներն էին՝ «Նաիրիտի», Մեծամորի ԱԷԿ-ի, օդի աղտոտվածության թեմաներով։ Ամիսներ անց բնապահպանները պիտի միանային Արցախի վերամիավորման համար պայքարին։ Երեսուն տարի անց, փաստորեն, նորօրյա բնապահպանները չպայքարեցին ո՛չ շրջակա միջավայրի պահպանության, ո՛չ էլ Արցախի համար։