Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԲԱՆՈՒՄ ՉԻ ՀԱՋՈՂԵԼ՝ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՐՑԱԽԸ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ստալինյան բռնապետությունը ինքնուրույն, տվյալ պետության ներսում կազմավորված բռնապետություն էր, իսկ Հայաստանում բռնապետությունն այդպիսինը չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Բռնապետության հմտություններ այս խունտան չունի, այն բացառապես այլ՝ թշնամի պետությունների ծրագրերին և ռազմավարական նպատակներին ծառայեցնելու գործիքակազմ է»,-ասաց նա:
Ըստ Ալավերդյանի՝ մարդու իրավունքները և խոսքի ազատությունն ամենակեղտոտ գլոբալիստական ուժերի կողմից օգտագործվում են որպես գործիքակազմ իրենց ավելի պղտոր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:
Նա նկատեց, որ խոսքի ազատության դեմ Հայաստանում իրականացվող բռնությունների մասին ժողովրդավարական պետությունները ոչ թե լռում են, այլ խրախուսում են՝ միլիարդների օգնություն տրամադրելով:
«Երեկ թշնամին կրակում էր Արցախի երկու կարևոր ուղղություններով, իսկ այդ ժամանակ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը: Սա քրիստոմատիկ մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որ հասարակության ուշադրությունը շեղեն իրական, մեզ համար կարևոր օրհասական խնդրից, որ բոլորը քննարկեն խնձորենիների խնդիրը, որը լրատվականները հաջողությամբ արեցին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ պնդելով որ իշխանություններն օգտվում են հայտնի կենտրոնների մշակած տեխնոլոգիաներից:
«Մենք կամ պետք է մեր մեջ ուժ գտնենք ու դիմադրենք այդ տեխնոլոգիաներին, կամ հրաժարվենք մակերեսային այդ եզրակացություններից»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենի նպատակը միջազգային սուբյեկտայնությունից պետության զրկելն է, որից հետո այն դառնում է ոչ թե տարածք, այլ կիլոմետրեր, որոնց վրայով կարող են անցնել:
«Միջազգային կազմակերպությունները քարտ բլանշ են տվել այս իշխանություններին, որոնք կարող են անել ցանկացած բան, քանի որ գլոբալիստական պղտոր նպատակներն են եղել նրանց առաջ դրված խնդիրները»,-հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմենը և հավելեց. «Այս իշխանությունը մի բանում չի հաջողել՝ չեն կարողացել ամբողջ Արցախն տալ Ադրբեջանին»:
Լարիսա Ալալվերդյանն առաջարկեց արձանագրել, որ այսօր պայքարը ոչ թե միայն ժողովրդավարության համար է, այլ՝ որպես ազգ լինել-չլինելու:
«Պետք է այնպես փոխել մեր պայքարի գործիքակազմը, որ կարողանանք դիմակայել շատ հմուտ կենտրոններին, որոնցից կառավարվում են այս իշխանությունները»,-ասաց Ալավերդյանը և հավելեց. «Մամուլի դեմ հարձակումները պլանավորված են և իշխանություններն անշեղորեն կատարում են այն ծրագրերը, որոնք ամբողջովին նպաստում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը»:
Նա առաջարկեց պետության համար պայքարել հանրության միջոցով և դրա համար ստեղծել հանրային տրիբունալ: