Արցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին և թիրախավորված մարտական դիրք

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ` տեսակցելու այնտեղ բուժվող զինծառայողներին, որոնք վիրավորվել էին հոկտեմբերի 14-ին Արցախում Ադրբեջանի ԶՈւ սադրիչ մարտական գործողություների հետևանքով։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

Զինվորական բժիշկները ռազմական գերատեսչության ղեկավարին հավաստիացրել են, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և որոշ ժամանակ անց նրանք հնարավորություն կունենան վերադառնալու ծառայության։

Հավելենք, որ Վարդանյանն այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց, տեղեկացնում է Sputnik Արմենիա: