ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՍԿՍՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր շատ ընդունված է հետահայաց փիլիսոփայել այն մասին, թե ինչո՞ւ առաջին արցախյան պատերազմից հետո հաղթած Հայաստանը, օգտվելով Ռուսաստանի՝ տարածաշրջանային համեմատաբար նվազ դերակատարությունից, չստիպեց պարտված թշնամուն կնքել խաղաղության պայմանագիր, փոխարենը համաձայնեց հրադադարի համաձայնագրի։ Չէ՞ որ ըստ մեր պատկերացման՝ արցախյան հարցը լուծվեց 1994-ի մայիսին, և այդ ժամանակ մենք բավարար ուժ ունեցանք՝ հաղթականորեն ավարտելու պատերազմը և թշնամուն խաղաղություն պարտադրելու:
Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանել, քանի որ այդ շրջանի արտաքին քաղաքական շատ իրողությունների դեռևս սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։ Բայց ստացվեց այնպես, որ Ադրբեջանը գերազանց հասկացավ՝ մի օր հնարավորություն է ունենալու իր պատկերացումներին համապատասխան լուծելու արցախյան հարցը։ Դա չհաջողվեց 2016-ի ապրիլյան մարտերում, բայց 2018-ի իշխանափոխությունն ու դրան հաջորդած երկուսուկես տարում բանակի թուլացումն ու արտաքին քաղաքականության ձևախեղումը թույլ տվին Բաքվին ռազմական և դիվանագիտական շռնդալից հաջողության հասնելու։
Ցավոք, Հայաստանի որևէ իշխանություն այդպես էլ խիզախություն չունեցավ առնվազն սկսելու Արցախի ճանաչման գործընթացը, այն դեպքում, երբ այդ մասին ակնարկներ արվում էին տասնամյակներ շաևունակ։ Փուլային և փաթեթային լուծումների միջև անվերջ նախընտրելի տարբերակ փնտրելը, մեղքը ԵԱՀԿ Մինսկի խմբի դանդաղկոտության վրա դնելը, փաստորեն, դարձան ոչ թե խնդիրը հանգուցալուծելու, այլ հակառակը՝ քաղաքական ձգձգման միջոց, ինչից շահեկանորեն օգտվեց Բաքուն։
Այսօր Ադրբեջանը մեզ խաղաղության, իսկ Թուրքիան՝ երկկողմ հարաբերությունների հաստատման պայմանագրեր են պարտադրում։ Ակնհայտ է, որ այս երկու երկրի հետ էլ ստվերային (Ադրբեջանի հետ՝ նաև բացահայտ) դիվանագիտություն է տարվում, բայց պարզ չէ բանակցությունների առարկան։ Պատերազմի օրերին զինվորականները հաճախ էին ասում, թե որտեղ վերջանում է քաղաքականությունը, այնտեղ սկսվում է պատերազմը: Քաղաքականությունը, պարզվեց, նույնիսկ չէր էլ սկսվել, որ ավարտվեր, իսկ պատերազմը, պարզվում է, չի էլ ավարտվել, որ սկսվի խաղաղությունը։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ակնհայտորեն չի հանգուցալուծելու ո՛չ արցախյան հակամարտությունը, ո՛չ էլ հայ-ադրբեջանական միջէթնիկ կոնֆլիկտը, քանի դեռ թշնամին ամբողջը չի ստացել։ Խոսքը և՛ Արցախի մնացյալ հատվածի, և՛ հայ-ադրբեջանական առաջնագծի երկայնքով բոլոր շահեկան դիրքերի և հենակետերի զավթման մասին է, որի մտադրությունը թշնամին չի էլ թաքցնում։
Պատերազմից մեկ տարի անց, երբ Ադրբեջանը ռուսական զորակազմի՝ Արցախից դուրս գալու հետհաշվարկն է սկսել, իսկ Հայաստանին սպառնում է անարյուն ներխուժմամբ մինչև Երևան, մենք նույնիսկ մեր կորուստների հաշվարկը չենք հրապարակել։ Նման հուսաբեկ և բարոյալքված վիճակում ո՞վ է ապագա անխուսափելի պատերազմին զինվորագրվող կամավորը, ի՞նչ ոգով են հրամանատարն ու զինվորը հայրենիք պաշտպանելու, երբ տեսնում են 44-օրյա պատերազմի զոհերի անփառունակ մոռացումը:
Եռամսյա հավաքներն ապահովեցի՞ն անհրաժեշտ մոբիլիզացիոն ռեսուրս, նրանց բացատրվե՞ց ռազմական դրության պայմաններում իրենց անելիքը։ Թե՞ դարձյալ ֆիդայական ջոկատների տրամաբանությամբ՝ անկարգապահ և անկանոն, պիտի ուղարկվեն դիրքեր՝ անհասկանալի մարտական խնդիր կատարելու։ Միգուցե կայուն խաղաղության պատրաստվող երկրում համաժողովրդական բանակի գաղափար այլևս չկա՞։
Խորհրդարանական քննիչ հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, ստեղծվելու դեպքում էլ ավելի շատ իրական պատասխանատուներին պարտակելով է զբաղվելու։ Բայց մեզ անգամ պատերազմի ռազմական, քաղաքական, դիվանագիտական, նյութատնտեսական և բազմաթիվ այլ կողմերի մասին համապարփակ տեղեկատվություն առայսօր չի տրվել։ Եվ ուրեմն՝ մեր պատերազմը չի ավարտվել։