Պուտինը խոսել է տարբեր ուղղություններով Հայաստանի հետ համագործակցության մասին

Ողջունելով հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի մասնակիցներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա և դաշնակցային բնույթ ունեն: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

«Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը կարևորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական ​​և գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները: «Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ֆորմատով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական բեղմնավոր գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-ավելացրել է նա՝ հաջողություն մաղթելով ֆորումի մասնակիցներին, տեղեկացնում է News.am։