Էրդողանի կուսակցության վարկանիշը օր օրի ընկնում է

Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը։

Հնչեցվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։ Հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ «չի կարող հաղթել» պատասխանը։

Այսպիսով, առաջիկա ընտրություններում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտությունը կանխատեսող քաղաքացիների թիվն առաջին անգամ գերազանցել է նրա հաղթանակը կանխատեսողների թիվը։

Հունիսին Էրդողանի հաղթանակին հավատացել էին հարցվածների 49.9 տոկոսը, իսկ պարտությանը՝ 41.8 տոկոսը։ Օգոստոսին 55.4 տոկոսը նույն հարցին տվել էր «կհաղթի», իսկ 39.41 «չի կարող հաղթել» պատասխանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։