ԱԱԾ․ Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է տեղեկությունները, թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։

«Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,– ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հայտարարությւնն արվել է ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։

Մամուլի այդ տեղեկությունները որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով` Փելա սարն արդեն երկու օր է` վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։

Ըստ նրա` բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք են բերվել դեռ 2021-ի ձմռանը, սակայն դրա մասին պաշտոնական հրապարակումներ այդպես էլ չեղան։

Եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղակայվել են հայ և ադրբեջանցի զինծառայողները։

Սարի վերահսկողությունը, Փարսյանի մեկնաբանմամբ, որոշակի վտանգներ է առաջացնում հարակից գյուղերի, առաջին հերթին` Ագարակ գյուղի համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։