Ռուս խաղաղապահները 10 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել Արցախ

Բեռի մեջ առաջին անհրաժեշտության իրեր են, դպրոցական ու կենցաղային պարագաներ և ջեռուցման միջոցներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին 10 տոննա մարդասիրական բեռ են հասցրել:

«10 տոննա մարդասիրական բեռ է բերվել Երևանից։ Կոշիկներ, հագուստ, դպրոցական պարագաներ, մաքրող միջոցներ, գազի վառարաններ. այդ ամենը կբաժանվի Լեռնային Ղարաբաղում փախստականներին, բազմազավակ ընտանիքներին, տուժածներին ու հարկադիր տեղահանվածներին», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Բեռի խմբաքանակում եղել են առաջին անհրաժեշտության իրեր, ձմեռային հագուստ և կոշիկներ երեխաների համար, դպրոցական և կենցաղային պարագաներ և ջեռուցման միջոցներ:

Բեռի առաքման անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահ զորակազմի անձնակազմն ու զինծառայողները՝ Լաչինի միջանցքի յոթ դիտակետերի պատասխանատվության գոտում։

«Մեր կողմից իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ շարասյունների ուղեկցումը, այդ երթուղու երկարությունը կազմել է ավելի քան 800 կմ: Երթուղու բարդությունը այն է, որ ճանապարհն անցնում է լեռնային տեղանքով: Ռազմական շարասյունը առանց պատահարների նախանշված ժամին եղել է նախատեսված վայրում», - ասել է ռազմական ոստիկանության աշխատակից Իվան Սոլոգուբովը ։

Տեղեկություններ հավաքելուց ու մշակելուց հետո ռուս խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետների կողմից կկազմակերպվի օգնության փոխանցում Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող հեռավոր բնակավայրերի բնակիչներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: