Բաքվում հերթական սպառնալիքներն են հնչեցվել Երևանի հասցեին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին:

«Եթե մեր երկրի դեմ որևէ սպառնալիք առաջանա, համարժեք պատասխան կտրվի»,- ասել է ադրբեջանցի նախարարը երկրում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ ասուլիսին:

«Ռևանշիզմի,թե համագործակցության ուղին՝ Հայաստանի ընտրության հարցն է: Ադրբեջանը միշտ արձագանքում է համագործակցության դրական քայլերին: Բայց եթե մեր երկրի դեմ որևէ սպառնալիք առաջանա, համարժեք պատասխան կտրվի»,- հավելել է նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ընդ որում, արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: «Դրա համար անհրաժեշտ է կատարել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունները: Ադրբեջանը կատարում է և կշարունակի կատարել իր պարտավորությունները»,- ցինիկաբար ասել է Բայրամովը:

Ակնհայտ է, որ «ռևանշիզմ» ասելով՝ ադրբեջանցի պաշտոնյան նկատի ունի հայկական կողմի` Հայաստանի ինքնիշխան տարածքի սողացող ընդլայնմանն ու ներխուժմանը դիմակայելու ցանկացած փորձ: Ընդ որում, Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին, հետևողականորեն ոչնչացնում է օկուպացված տարածքներում հայկական ժառանգությունը, գնդակոծում է Հայաստանի և Արցախի բնակավայրերը, տեղեկացնում է News.am: