Օվերչուկ․ ՌԴ-ն ու ՀՀ-ն ունեն փոխգործակցությունը զարգացնելու բոլոր հնարավորությունները

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր հնարավորություններն ունեն բազմապլանային փոխգործակցության կայուն և դինամիկզարգացման համար, ինչպես առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, այնպես էլ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ժամանակ:

Նա կարևորեց միջտարածաշրջանային համագործակցությունը և նշեց` համաժողովը բացառիկ երկխոսության հարթակ է, որը պետական և հասարակական գործիչներին, բիզնեսի և հումանիտար ոլորտի ներկայացուցիչներին թույլ է տալիս քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները, այդ թվում՝ Եվրասիական ինտեգրման համատեքստում:

«Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն գնում են այդ ճանապարհով։ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մեր գործընկերների հետ համատեղ մենք ձևավորում ենք միասնական շուկաներ՝ տարբեր ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ միջավայրով, որոնք կոչված են ընդգրկելու միության մասնակից պետությունների ավելի քան 182 միլիոն քաղաքացիների»,-ասաց նա։

Օվերչուկը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվելու են ինտեգրացիոն միավորման զարգացման ճանապարհով, պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմաններ ապահովելու համար՝ ի շահ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման: Նա տեղեկացրեց, որ, հաշվի առնելով տարածաշրջանների միջև «կամուրջներ կառուցելու» անհրաժեշտությունը, որպես ռազմավարական խնդիր, պատրաստվել է 2022-2027 թվականների Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը:

«Համոզված եմ, որ Ռուսաստանի տարածաշրջանների հետ Հայաստանի հետագա համագործակցությունը հզոր մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա, թույլ կտա բացահայտել մեր մակրոտնտեսական ներուժը և կծառայի մեր եղբայրական երկրների ժողովուրդների շահին, իսկ համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան փոխգործակցության որակապես նոր մակարդակի դուրս գալ մեր երկխոսության հարցերի ողջ համալիրի շուրջ»,-ընդգծեց քաղաքական գործիչը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք` ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ընկերությունները մտադիր են Հայաստանի տնտեսության մեջ 1 մլրդ դոլար ներդնել: Նրա խոսքով` ռուսական ներդրումների մասնաբաժինը հայկական տնտեսության մեջ գերազանցում է 40 տոկոսը, Հայաստանում աշխատում է ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություն: Այս համատեքստում նա շեշտել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ, իսկ ռուսական բիզնեսը կարող է ամենաարդյունավետ լուծումներն առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության, լոգիստիկայի, էներգաարդյունավետության ոլորտներում: