Նորվեգիան Հայաստանին Moderna պատվաստանյութի նոր խմբաքանակ կտրամադրի

Նորվեգիան առաջիկայում Հայաստանին մեծ քանակությամբ Moderna-ի պատվաստանյութ կտրամադրի։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս մասին նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերը հանձնելու ժամանակ ասել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը։

Նորանշանակ դեսպանը հույս է հայտնել, որ այդ խմբաքանակը զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում։

Իր հերթին, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կուղղի հայ-նորվեգական հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես կրթության, բնապահպանության, կանաչ և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտները:

Երկու ժողովուրդների միջև կապերի աշխուժացման տեսանկյունից նախագահ Սարգսյանը կարևորել է նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: