ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Փաշինյանի մերժումը պայմանագրային պատերազմի վկայությունն է
2020թ. հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին առաջարկել է պատերազմի դադարեցման ծրագիր, որի դեպքում Շուշին և Հադրութը մնում էին հայկական կողմի վերահսկողության տակ: Դա հայտնի դարձավ 44-օրյա պատերազմի ավարտից և եռակողմ խայտառակ հայտարարության ստորագրումից հետո։
Այն մասին, որ հնարավորություն կար պահպանել Շուշին եվ Հադրութը, հայ ժողովուրդը տեղեկացավ Պուտինի խոսքերից։ Ռուսաստանի առաջնորդը նույնիսկ չփորձեց թաքցնել, որ իրեն զարմացրել է Փաշինյանի արձագանքն այդ առաջարկին. Հայաստանի վարչապետը հրաժարվել էր պահպանել Շուշին և Հադրութը այն պատրվակով, թե Ալիևը պահանջել է Շուշի վերադարձնել փախստականներին: Այն մասին, որ ադրբեջանցի փախստականները դժվար թե վերադառնային հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող քաղաք, անցած տարվա ընթացքում քաղաքականացված հանրությունը լսել է բազմիցս:
Փաշինյանի հրաժարումն ամենացայտուն վկայությունն է այն բանի, որ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը ադրբեջանցիներին է հանձնվել պայմանավորված պատերազմի արդյունքում։ Դատելով նրանից, որ նա մերժել է Պուտինի առաջարկը, Շուշիի ու Հադրութի հանձնումը նախատեսված է եղել պայմանավորվածությամբ։ Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բնորոշեց Շուշին որպես «դժգույն ու դժբախտ» քաղաք։ Այդ հայտարարությունը հաջորդեց Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագրի» ստորագրմանը, որից հետո «դժգույն ու դժբախտ» քաղաքը հռչակվեց մահմեդական մշակույթի մայրաքաղաք:
Պուտինի հոկտեմբերի 19-ի առաջարկից անցել է ուղիղ մեկ տարի։ Այս ողջ ընթացքում ռեժիմը զբաղվել է մեծ դավաճանության հետքերը մաքրելով…
Քննիչ հանձնաժողովի ձևավորման մասին հայտարարվել է հուլիսի վերջին
Ոչ այնքան վաղուց Ալիևը հայտարարեց, որ պատրաստ էր դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 7-ին։ Հայաստանում անմիջապես հիշեցին, որ մեկ տարի առաջ հենց այդ օրը Փաշինյանը հայտարարեց, թե «այս օրերին դրվում են մեր հաղթանակի հիմքերը», թե «ռազմական գործողությունները հաստատուն փոխադրվում են Ադրբեջանի տարածք», և «փակագծերը չբացելով՝ պետք է ասեմ, որ ադրբեջանցիների գործողությունը հենց իրենց դեմ շուռ եկավ»։
2020թ. հոկտեմբերի 7-ի մարտական գործողությունների «շրջադարձային նշանակությունը» հաստատեց նաև ստի գլխավոր խոսափող Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ ներկայացուցչի կարգավիճակով: Ընդդիմությունը հայտարարել է, որ Փաշինյանը Անվտանգության խորհրդի անդամներից թաքցրել է Ալիևի առաջարկը, ինչպեսև, մի շարք տեղեկություններով՝ թաքցրել է նաև Պուտինի հոկտեմբերի 19-ի առաջարկը: Ի դեպ, հոկտեմբերի 7-ին Ստեփանակերտը, Շուշին և Հադրութը ենթարկվել են ռմբակոծությունների։
Ավելի վաղ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ուղիղ եթերում ցուցադրել էր որոշ փաստաթղթեր, որոնք հաստատում էին, որ պատերազմը հնարավոր էր կասեցնել հոկտեմբերի 10-ին: Ալիևի հայտարարությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ պատերազմը կարելի էր դադարեցնել հոկտեմբերի 7-ից առաջ և հետո, և որ նման փորձեր արվել են ընդհուպ մինչև նոյեմբերի 9-ը։ Պատերազմի դադարեցման մասին Պուտինի առաջարկից մեկ տարի անց չկան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Փաշինյանի հրաժարման պատճառը գործարքն էր Ալիևի հետ:
ԱԺ քննիչ հանձնաժողովը լոկ խճճում է իրավիճակը, քանզի այն ստեղծվում է հետաքննությունն իրականությունից հնարավորինս հեռացնելու նպատակով։ Իրականությունը հանրությանը հայտնի կդառնա միայն ռեժիմի հրաժարականից հետո։ Անդրանիկ Քոչարյանի կողմից ղեկավարվող քննիչ հանձնաժողովը վստահություն չի ներշնչում։ Ասենք, այն մինչ օրս ձևավորված չէ, թեև դրա ստեղծման մասին հայտարարվել է 2021 թվականի հուլիսի վերջին։
Ռեժիմը շարունակում է տիրաժավորել սուտը
44-օրյա պատերազմի իրադարձությունները պարուրված են ստի թանձր շղարշով: Բառացիորեն օրերս ողջ երկրին հայտնի ռազմական բժիշկ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը ուղիղ եթերում հերքեց Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությունը, թե «ադրբեջանցիները Հադրութը վերցրել են առանց «բայրաքթարների», քաղաքն ընկել է առանց դիմադրելու հակառակորդի գերազանցող ուժերին»։
Տոնոյանը, որը մարտական գործողությունների ժամանակ գտնվել է Հադրութի հոսպիտալում, հայտարարեց, որ քաղաքին հարվածում էին «Սմերչ»-ներով, իսկ հոսպիտալում մշտական աղմուկ էր անօդաչու թռչող սարքերից: Նա ասաց նաև, որ Հադրութը հանձնելուց 8 օր անց Հայաստանի բնակիչներին դեռևս ասում էին, թե քաղաքի համար մարտեր են ընթանում։
Իոաննիսյանը Հադրութի հանձնման թեմայով իր «բացահայտումներով» ծլեց բնավ ոչ պատահաբար։ Իշխանությունը վերջին շրջանում ուժեղացրել է քարոզչական գրոհը քաղաքացիների որոշակի խավի վրա՝ փորձելով զանգվածային գիտակցության մեջ մխել այն թեզը, թե 44-օրյա պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավորը զինված ուժերն են, այլ ոչ թե վարչապետը։ Իոաննիսյանը հայտարարեց նաև, թե Փաշինյանին խաբել են՝ մարտական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին սխալ տեղեկություններ հաղորդելով նրան։ «Այդ դեպքում ինչո՞ւ են այսօր այդ «խաբեբաները» ամենաբարձր պաշտոններում»,- հարց է տալիս ռազմական բժիշկ Տոնոյանը։
Հավանաբար, նույն այն պատճառով, որով պատերազմից անմիջապես հետո իշխանությունն առավելագույն ջանքեր գործադրեց, որպեսզի տևականորեն բանտում փակի հրամանատար Արթուր Այվազյանին՝ «Մանախ» մականունով։ Այվազյանը հայտարարություն էր արել այն մասին, որ Հադրութում ռազմական ստորաբաժանումները զինաթափել են մարտական գործողությունների ամենաթեժ պահին, իրեն՝ ստորաբաժանման մարտիկների հետ միասին, տեղափոխել են Երևան, որտեղ նա հայտնվել է ԱԱԾ բանտախցում: Առ այսօր պարզ չէ, թե ինչ եղան Հադրութի հանձնման առնչությամբ հարուցված երկու քրեական գործերը։ Դրանք հարուցվել էին կապիտուլյացիայի դիմումը ստորագրելուց անմիջապես հետո։
Այն մասին, որ իշխանությունը կրկնապատկել է քարոզչական ջանքերը, վկայում է Արծրուն Հովհաննիսյանի հայտնվելը իշխանական հեռուստաալիքներից մեկի եթերում։ Օրերս նա խախտեց տևական լռությունը, որպեսզի պատմի, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, այսինքն հենց այն օրը, երբ Պուտինն առաջարկել էր պահպանել Շուշին և Հադրութը, ինքը (Արծրունը) «երազում էր, որ պատերազմը ձգվի մինչև գարուն, և նույնիսկ կիսվել է իր երազանքների մասին Օնիկ Գասպարյանի հետ»։ Հովհաննիսյանը հասկացնել տվեց, որ մարտական գործողությունների ձգձգման դեպքում գերակշռությունը կարող էր հայտնվել մեր կողմում։ Իսկ բացի այդ, Հովհաննիսյանն ասաց, թե Թուրքիայի գլխավոր շտաբը կարողացել է խաբել Հայաստանի գլխավոր շտաբին. մի խոսքով, կրկին մեղավոր է բանակը։
Ինչ վերաբերում է Գասպարյանին, ապա հիշեցնեմ, որ պատերազմի 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտության մասին։ Մինչ այն պահը, երբ Գլխավոր շտաբը հանդես եկավ Փաշինյանի հրաժարականի պահանջով (փետրվարի 25), ոչ ոք այդ փաստը կասկածի տակ չէր առնում։ Նիկոլի անձնական ցանկությամբ, բայց «իրավունքի ուժին» հղումով Գասպարյանին պաշտոնազրկելուց հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե նման զեկույց չի եղել։ Գասպարյանը պահանջեց նիստի տեսագրությունը, սակայն պարզվեց, որ այդտեղ նույնպես բացակայում է մարտական գործողությունների դադարեցման առաջարկի դրվագը։ Տեսագրությունն ակնհայտորեն ենթարկել էին մոնտաժի։
Ռեժիմը չի կարողանում ապահովել պետության ամբողջականությունը
Այստեղից ինքնաբերաբար եզրահանգում է բխում, որ անցած տարվա ընթացքում մոնտաժի և կեղծարարության են ենթարկվել 44-օրյա պատերազմին վերաբերող բոլոր փաստաթղթերը։
Մի ամբողջ տարի իշխանությունը զբաղվել է փաստերի կեղծմամբ, ընդ որում Փաշինյանն իր անձնական լուման է ներդրել այդ գործընթացում։ Սկզբում նա խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե «Լելե Թեփե» բարձունքի գրավման գործողությունը, որի ընթացքում զոհվել են 800 հայ մարտիկներ, ծրագրել և իրականացրել են գեներալներ, իսկ ինքը դիտորդի դեր է կատարել։ Իսկ բոլորովին վերջերս նույն ամբիոնից հայտարարեց, թե նման գործողություն ընդհանրապես չի եղել։ Հիշեցնեմ, ի դեպ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ զինվորականներից շատերը 44-օրյա պատերազմի ժամանակ գաղտնի ձայնագրել են Փաշինյանի հրահանգները, օրինակ՝ մարտական գործողությունների երրորդ օրը առաջնագծում համալրումը դադարեցնելու մասին։ Ռեժիմի հրաժարականից հետո շատ փաստեր կհրապարակվեն…
Փաշինյանի անմեղության մասին թեզը զանգվածային գիտակցության մեջ գամելու նպատակով իրականացվող քարոզչական գրոհները վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ստացել։ Ռեժիմը, հենվելով քարոզչամեքենայի վրա, փորձում է մեղքը բարդել մերթ նախկին իշխանության վրա՝ ի դեմս երկրորդ և երրորդ նախագահների, մերթ ՝ զինված ուժերի։ Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կապիտուլյանը իշխանության ղեկին է։ Դավաճանությունը շարունակվում է, առաջվա պես պես չպարզաբանված է մնում 5 մլրդ դոլարի մասին հարցը՝ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի դիմաց, 3 հազար 600 հայ զինվորների վերաբերյալ հարցը, որոնց կյանքը Փաշինյանը կարող էր պահպանել, եթե առաջին հնարավորության դեպքում դադարեցներ պատերազմը։ Նա, պարզվում է, վախենում էր, թե այդ դեպքում իրեն դավաճան կանվանեն։
Պատերազմն ավարտվել է, իսկ դավաճանությունը շարունակվում է։ Պուտինի առաջարկից մեկ տարի անց ռեժիմը գործում է ճիշտ այնպես, ինչպես գործում էր պատերազմի ժամանակ՝ ցուցաբերելով բացարձակ անիրազեկություն և պետության կառավարման հմտությունների իսպառ բացակայություն։ Այսօր, ինչպեսև մեկ տարի առաջ, ռեժիմը չի կարողանում հաղթահարել պետության ամբողջականության ապահովման և նրա սահմանների պաշտպանության խնդիրը։ Հիշո՞ւմ եք հայտնի տեսանյութը, որտեղ արձանագրված էր հարբած Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ գերագույն գլխավոր հրամանատարի իր հմտությունները կասկածի տակ չառնելու կոչով։
Այսօր նա նույն «հաջողությամբ» մասնակցում է մոտեցումների համաձայնեցման գործընթացին, գտնվելով, ինչպես պատկերավոր արտահայտվում է ընդդիմությունը, ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ սեղանի տակ. 44-օրյա պատերազմից մեկ տարի անց չկան և չեն կարող լինել երաշխիքներ, որ Փաշինյանը նոր գործարք չի կնքի Բաքվի և Անկարայի հետ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է սպասել նոր արյունահեղության...