Հայաստանում որոշակի կարգավիճակ ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի

Մահացած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներից ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ փոխհատուցում կստանան նաև այն անձինք, ովքեր ուսման ընթացքում ստացել են որոշակի կարգավիճակ, այն է`1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն: «Ցանկում ներառված են նաև իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամություն ստացած անձինք, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև մինչև 27 տարեկան մահացած զինծառայողների երեխաները»,- պարզաբանեց Թռչունյանը:

Այսպիսով, ուսման ամբողջ փոխհատուցումը կտրամադրվի ոչ միայն նրանց, ովքեր արդեն որոշակի կարգավիճակով են համալսարան ընդունվել, այլ նաև այն ուսանողներին, ովքեր նշված կարգավիճակը ստացել են անմիջապես ուսման ընթացքում: Փոխնախարարը նաև հավելեց, որ այս տարի բուհեր է ընդունվել վերը նշված կարգավիճակներին համապատասխանող 30 մարդ: Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովը քննարկումներից հետո դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը, տեղեկացնում է News.am: