Facebook-ը մտադիր է փոխել անվանումը

Facebook Inc-ը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել իր անվանումը, հայտնել է Verge-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պլանավորում է անվան փոփոխության մասին հայտարարել հոկտեմբերի 28-ին Connect ընկերության ամենամյա համաժողովին, սակայն այդ մասին կարող է ավելի վաղ հայտարարվել, հայտնում է Verge-ն:

Ռեբրենդինգի արդյունքում Facebook-ի՝ սոցցանցերի համար հավելվածը կդիրքավորվի որպես մայր ընկերության բազմաթիվ պրոդուկտներից մեկը, որը նաև վերահսկելու է այնպիսի խմբեր, ինչպիսիք են Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը և այլն:

Սիլիկոնյան հովտում հազվադեպ չէ, որ ընկերությունները փոխում են իրենց անվանումները, քանի որ ընդլայնում են ծառայությունները:

2015 թվականին Google-ը հիմնեց Alphabet Inc.-ը՝ որպես հոլդինգային ընկերություն՝ որոնման և գովազդային բիզնեսի սահմաններից դուրս գալու և վերահսկելու համար տարբեր այլ ձեռնարկություններ` սկսած ինքնավար տրանսպորտային միջոցներից և բժշկական տեխնոլոգիաներից մինչև հեռավոր շրջաններում ինտերնետային ծառայությունների մատուցումը:

Ռեբրենդինգին ուղղված քայլը կարտացոլի նաև Facebook-ի ուշադրությունն այսպես կոչված մետատիեզերքի ստեղծման վրա՝ առցանց աշխարհ, որտեղ մարդիկ կարող են տարբեր սարքեր օգտագործել՝ վիրտուալ միջավայրում տեղաշարժվելու և հաղորդակցվելու համար:

Facebook-ը մեծ ներդրումներ է կատարել վիրտուալ իրականության (VR) և ընդլայնված իրականության (AR) մեջ և մտադիր է միացնել գրեթե երեք միլիարդ օգտագտիրոջ մի քանի սարքի և հավելվածի միջոցով:

Ընկերությունը նաև հայտարարել է, որ մտադիր է առաջիկա հինգ տարվա ընթացքում Եվրոպական միությունում ստեղծել 10 հազար աշխատատեղ` մետատիեզերքի կառուցմանը նպաստելու համար:

Ցուկերբերգը մետատիեզերքի մասին խոսում էր հուլիսից, և այդ նորաձև բառին, որն առաջին անգամ հայտնվեց անտիուտոպիական վեպում երեք տասնամյակ առաջ, հղում էին կատարում այլ տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը, տեղեկացնում է News.am-ը: