Երևան-Գյումրի ճանապարհին ՃՏՊ-ից զոհվել է 6 մարդ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարից, զոհվել է 6 մարդ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ 5-ը մահացել են տեղում, իսկ Sputnik Արմենիայի տեղեկություններով, 1-ն էլ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և բազմաթիվ տուժածներ:

«13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են»,- նշում են ԱՆ-ից և հավելում, որ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվել է բավարարից մինչև միջին ծանրության:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Ոստիկանությունն էլ միջոցառումներ է ձեռնարկում՝ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ: