Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ
Տվյալ իրավիճակում պետք է առաջնորդվենք պաշտոնական տեղեկատվությամբ, բայց պաշտոնական տեղեկատվությունն այնքան է խաբել մարդկանց, որ պաշտոնական տեղեկատվությանը չեն հավատում, 24news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կապանի մոտ հերթական կարևորագույն բարձունքը թշնամուն հանձնելու մասին լուրերին, ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։
«Սկզբում դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ GPS-ներով էին պետության հողերն աջ ու ձախ բաժանում թուրքերին, հիմա անցել են դեմարկացիայի սկզբունքով բաժանումներ անելուն․ ասում էին՝ Սև լճի 30 տոկոսի համար կամ ձմեռային պայմաններում հո չէի՞նք գնալու, մարտական գործողություններ անենք։ Բայց մինչև այսօր որևէ պաշտպանական մեխանիզմ այնտեղ ստեղծված չէ, քաղաքական պրոցես չի գնում, որ այնտեղից ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան։ Ի վերջո, պաշտոնական և ոչ պաշտոնական բոլոր փաստերն այն մասին են, որ ադրբեջանական զորքը մայիսի 12-ից մինչև այսօր, 6-րդ ամիսը շուտով կլրանա, ՀՀ տարածքում են՝ խորացած 3 և ավելի կմ։ Եվ սրա շուրջ որևէ քաղաքական, դիվանագիտական, ռազմական աշխատանք պարզապես չի արվում։ Դիրքերի կահավորումը, սահմանների կահավորումն էլ չի արվում պատշաճ մակարդակով», - ասել է Արտակ Զաքարյանը։
Այս բոլոր գործընթացներն անհիմն պատճառաբանություններով ձգձգելու հիմքն, ըստ նրա, դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնելն է, բայց հայտնի չէ, թե ինչ պայմաններով։
«Խոսք գնաց, որ ԱՊՀ իրավական մեխանիզմներով է դա արվելու։ Արդյոք հենց դա է մեզ ձեռնտու իրավական մեխանիզմը։ Ինչո՞ւ հենց ԱՊՀ մեխանիզմներով, ո՞վ է դա որոշել, ԱԺ-ում քննարկվե՞լ է այդ հարցը․ ի վերջո, պետություն ենք։ Ինստիտուցիոնալ մոտեցում կա՞ պետական սահմանների ճշգրտման հետ կապված։ Չկա։ Որտե՞ղ են որոշում։ Հայաստանի Հանրապետությունը չի որոշում իր սահմանները, սա է ամբողջ խնդիրը։ Նպատակահարմար են գտնում, որ այսպես պետք է լինի, այդպես է լինում։ Նպատակահարմար են գտնում, որ Ադրբեջանի ոստիկաններն ու զինծառայողները պետք է Հայաստանի սահմանների վրա հենակետեր, անցակետեր դնեն, հարկեր, տուրքեր սահմանեն, անում են։ Հայաստանի Հանրապետությունը չկա ուղղակի որպես այդպիսին», - ասել է Արտակ Զաքարյանը։