Ընթանում են Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցությունները

Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Արդյունքների մասին դեռ ոչինչ ասել չենք կարող։ Մենք հույս ունենք, որ դրական կլինի արդյունքը, և բանակցությունների արդյունքում ճանապարհն ուխտավորների համար բաց կլինի։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում մենք արդյունքներ կստանանք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից ադրբեջանական կողմն արգելել է ուխտավորների մուտքը Դադիվանք։

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպումը.1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ելույթ ունենալով եռակողմ հանդիպմանը, հանգամանորեն անդրադարձել էր Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու դրա հիմքում ընկած հռետորաբանությանը, Արցախյան 44-օրյա պատերազմին, հայ գերիներին ազատ չարձակելու, նրանց որոշ դեպքում խոշտանգելու և տանջամահ անելու դեպքերին և մի շարք խնդիրների: