Այս պահին բանակցություններ չեն ընթանում. նախարարը` ռուսական դպրոցների բացման մասին

Այս պահին բանակցություններ չեն ընթանում ո՛չ Հայաստանում ռուական դպրոցներ բացելու, ո՛չ Ռուսաստանում` հայկական։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ ու ռուսական դպրոցներ բացելու ծրագրով։

«Միգուցե կան ցանկություններ։ Առայժմ որևէ հստակ քննարկում չկա։ Բայց մենք շահագրգռված ենք, անկեղծ ասեմ, որ շուտ քննարկենք, հասկանանք և ինչ–որ արդյունքներ գրանցենք»,– ասաց Դումանյանը։

Նախարարը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է օտար լեզուների, այդ թվում ու հատկապես «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի»` ռուսաց լեզվի հանրայնացումը։

«Մենք ունենք ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր` Дом Москвы-ի, Россотрудничество-ի հետ համատեղ։ Մենք, իհարկե, կարևորում ենք ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումը։ Մեզ, այո, անհրաժեշտ է ռուսաց լեզու իմանալ։ Թե ինչ ձևով մենք կկատարելագործենք մեր ռուսաց լեզվի իմացությունը, դա այլ խնդիր է»,– ասաց Դումանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15 –ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում, ասել էր, որ Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ։

Նա նաև հայտնել էր, որ մոտ ժամանակներս Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց կբացվի:

«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար ևս նույնատիպ ծրագիր իրականացնելու հարցում»,-պատմել էր Լավրովը` հավելելով, որ Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար։