Զախարովա. ՌԴ-ը պատրաստ է մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների վերականգնմանը

Ռուս տնտեսվարողները պատրաստ են մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որքան հասկանում եմ, խոսքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանին վերադարձված տարածքների մասին է:

Ռուսական տնտեսական օպերատորները պատրաստ են մասնակցել այդ տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս տարվա հուլիսի 23-ին տնտեսական զարգացման փոխնախարարի գլխավորած գործարար առաքելությունը համագործակցության հեռանկարները որոշելու նպատակով գտնվում էր Բաքվում: Նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան։

Այս ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության և համագործակցության գործնական իրականացման օրինակներից է հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի շրջանում (Ջրական) ԿԱՄԱԶ միասնական սպասարկման կենտրոնի և Գյանջայի ավտոմոբիլային գործարանի արտադրական ավտոմոբիլային միավորման հիմնարկեքի արարողությունը։ Մենք, անշուշտ, շահագրգռված ենք Ադրբեջանում ռուսական գործարար ներկայության ընդլայնմամբ և նման համատեղ աշխատանքը որպես Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարևոր բաղադրիչ ենք դիտարկում: Մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- ասել է նա, տեղեկացնում է News.am։