Իրանում առաջին անգամ ապակենտրոնացված և մասշտաբային զորավարժություններ են իրականացվում

Իրանում առաջին անգամ ապակենտրոնացված և մասշտաբային զորավարժություններ են իրականացվում, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը։

Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ զորավարժություններն Իրանում անցկացվում են ապակենտրոնացված կերպով՝ երկրի բանակի ռազմաօդային ուժերի բոլոր հենակետերի առկայությամբ։

Առաջին փուլում վարժանքներ են իրականացվել տարբեր բարձրությունների վրա օդային թիրախների վրա կրակոցներով, ինչպես նաև արագություններ բարձրացնելով և օդից երկիր ռմբակոծություններով։ Զորավարժությունների ժամանակ օգտագործվել են նաև իրանական արտադրության ռադարներ, հրթիռներ ու ռումբեր:

Խնդիր է դրվել բարելավել Իրանի հրամանատարների փորձն ու հմտությունները և ցուցադրել Իրանի զինված ուժերի մարտունակությունը։

Հիշեցնենք` արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանը և Ադրբեջանը մի քանի անգամ հանդես են եկել փոխադարձ մեղադրանքներով, ադրբեջանական կողմը անգամ ձերբակալել էր Արցախից Հայաստան մեկնող բեռնատարերի վարորդներին։

Ամենաթարմ սկանդալից էլ մի քանի օր է անցել՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կոշտ արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանն ու Իրանը համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Շամխանին Ալիևին «սատանա» է կոչել։ Ավելի վաղ Իրանի հեղափոխության պահապանների հրամանատարն էլ սպառնացել էր Ադրբեջանին «վերացնել», եթե շարունակի իր հռետորաբանությունը Իրանի դեմ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։