ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵ՞Լ ԵՆ ԳԱԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները ներկայումս պահվում են «հույժ գաղտնի» կնիքի տակ։ Քանզի որևէ թիվ հնչեցնել կառավարությունում ոչ ոք չի շտապում կամ չի համարձակվում։ Չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն արդեն պայմանավորվել է «Գազպրոմի» հետ հանրապետություն մատակարարվող բնական գազի գնի մասին։

«Բուն սահմանին գազի գնի և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք։ Դեռևս 2019 թվականից ծանր, երկարատև և շատ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել։ Եվ կարծում եմ՝ բավական խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք»,- պարզաբանեց նա։ Բանակցային գործընթացում հիմնական խնդիրը, ըստ Գրիգորյանի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ կապված իրավիճակն է, որը պատկանում է «Գազպրոմին»: 2013-ին կառուցված էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է մի քանի տարի անց՝ 2019-ից, և այսօր էլ դեռևս չի գործում։ Մինչդեռ, ինչպես նշեց փոխվարչապետը, «Գազպրոմի» բոլոր ներդրումները Հայաստանում, 2013 թվականի համաձայնագրի ուժով, պետք է ունենան 9 տոկոս եկամտաբերություն:

«Կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է։ Բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը։ Եվ այդ հարցը մնացել է օրակարգում։ Եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա մենք կունենանք կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված՝ թե սահմանին, թե սակագնով։ Մենք ցանկանում ենք, որ 5-րդ էներգաբլոկը դառնա Հայաստանի էներգահամակարգի մասը»,- նշեց նա, ընդ որում հիշեցնելով, որ աշխարհում գազի գինը հասել է 940 դոլարի, մինչդեռ Հայաստանի համար հազար խմ–ը 165 դոլար է։

Հիշեցումը, ամենայն հավանականությամբ, պատահական չէր։ Այդ կերպ քաղաքացիներին պարզապես նախապատրաստում են այն լուրին, որ այդքան տևական բանակցային գործընթացի արդյունքում ՀՀ գործող իշխանություններին այդպես էլ չի հաջողվել հասնել գործող գների նույնիսկ ոչ թե նվազեցման, այլ գոնե պահպանման։ Ինչի մասին, ի դեպ, հոկտեմբերի 20-ին ակնարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ լրագրողների հետ զրույցում նշելով, որ ինքը չի կարող պնդել, թե 2022 թվականին գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի լինի, և պատճառաբանելով դա նրանով, որ տվյալ պահին բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ։

ՀԾԿՀ ղեկավարը, հավանաբար, տեղյակ չէր, որ դրանից մեկ օր առաջ Մհեր Գրիգորյանն արդեն հայտնել էր «Գազպրոմի» հետ ձեռք բերված կոնսենսուսի մասին։ Երբ լրագրողներն այնուամենայնիվ հաղորդեցին նրան փոխվարչապետի հայտարարությունների մասին, Բաղրամյանը իրեն չկորցրեց ու շարունակեց պնդել, որ քննարկումները դեռ ավարտված չեն։ «Դրանք ավարտված կլինեն, երբ կստորագրվի միջկառավարական համաձայնագիրը: Երբ վերջնական փաստաթուղթը լինի, նոր կարելի է գազի սակագնի գնահատական տալ»,- անհարմար կացությունից դուրս եկավ պաշտոնյան։

Ի դեպ, նույն Գ.Բաղրամյանը դեռևս 2020 թվականի հունվարին հավաստիացնում էր, որ հայկական կողմը բանակցում է «Գազպրոմի» դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ՝ 10 տարի ժամկետով գազի ֆիքսված գնագոյացման մեխանիզմների մշակման շուրջ, եթե ձեռնարկությունը հայտարարի սակագնի բարձրացման մասին։ Այն ժամանակ ՀԾԿՀ նախագահը հավաստիացնում էր, որ գազի սակագնի բարձրացման դեպքում առաջացած տարբերությունը կարող է փոխհատուցել ՀՀ կառավարությունը։

Իսկ գազի վերաբերյալ բանակցություններում կառավարության ներկայիս ձախողման մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, կարծիք հայտնելով, որ պայմանները անբարենպաստ են լինելու մեզ համար։

«Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ գրեթե ավարտվել են գազային բանակցությունները, և շուտով կկնքվի նոր համաձայնագիր։ Կարծում եմ՝ գազի նոր համաձայնագրի պայմաններն ավելի վատն են լինելու, քան հիմա ունենք։ Գործող իշխանությունները, արդեն մեկուկես տարի է, խոսում են գազային բանակցությունների մասին և ավարտեցին այն ժամանակ, երբ բորսայում բնական գազի գինը 1000 խմ-ի համար հասել է 900 ԱՄՆ դոլարի, այն դեպքում, երբ 2020 թվականի ընթացքում 70-90 դոլար էր։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեին, երբ ավելի բարենպաստ պայմաններ էին, և ոչ հիմա։

Գազային բանակցությունները ձախողող մարդիկ դեռ համարձակվում են ինքնագոհ խոսել տնտեսական զարգացման, մրցունակ տնտեսության և արտադրողականության աճի մասին»,- իր տեսակետն է ներկայացրել տնտեսագետը։

Պարսյանը նաև հիշեցրել է, որ սեպտեմբերին Բելառուսը Ռուսաստանի հետ նոր գազային համաձայնագիր է ստորագրել հազար խորանարդ մետրի դիմաց 120 դոլարով, մինչդեռ Հայաստանին գազը ներկայումս մատակարարվում է 165 դոլարով:

Основная тема:
Теги: