Միջանցքի հարց չի քննարկվում․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հայտարարությունների մասին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի համար միջանցք բացելու հարցը։

«Չենք քննարկում ու չենք քննարկելու միջանցք։ Ադրբեջանի հայտարարությունները միջանցքի մասին փոխվարչապետների հանդիպման աշխատանքներից դուրս են։ «Միջանցք» տերմինը օգտագործում են միայն Ադրբեջանում, Ռուսաստանի մեր գործընկերները նույնպես չեն կիրառում այդ տերմինը», - նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կառավարության հայտարարած «խաղաղության դարաշրջանի» համատեքստում է առաջ շարժվում՝ ամեն կերպ աշխատելով ապաշրջափակման ուղղությամբ։

«Ապաշրջափակում չի նշանակում մեկ ճանապարհի բացում, որքան ճանապարհներ բացվելու են Ադրբեջանի համար, այնքան էլ Հայաստանի համար։ Տավուշից և Սյունիքից մենք կարողանալու ենք մտնել Ադրբեջանի տարածք և կապվել Ռուսաստանի և Հարավային Ասիայի հետ», - ասել է Գրիգորյանը։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում արդյունավետ էր։ Սա եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասն էր, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը։ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։