Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԱԿՎԱԾ ԵՄ ՄՏԱԾԵԼՈՒ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԸՆԴՈՒՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Նախկինում մենք պատրաստ էինք ապաշրջափակել հաղորդակցությունները, բայց ամեն ինչ չէ, որ կախված էր Հայաստանից։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը նախապայմաններ են առաջադրել, որոնք Հայաստանը չի կարող ընդունել։ «Վստահ չեմ, որ ներկայիս իշխանությունները չեն ընդունի ավելի դաժան պայմաններ, քան դրված էին մեր առջև։
Ընդհակառակը, ես հակված եմ մտածելու, որ կկընդունեն։ Հայաստանի համար միակ փրկությունը գործող իշխանությունից ազատվելն է»,- ընդգծեց նա: Մինասյանը նկատեց, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված խնդիրը գերխնդիր է ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի, այլև ողջ թյուրքական աշխարհի համար։ «Սա ոչ միայն շոշափում է Հայաստանի և Իրանի շահերը, այլ կապված է համաշխարհային շահերի հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը չունի սուբյեկտիվության այնպիսի մակարդակ, ինչպիսին ուներ երեք-հինգ տարի առաջ, ինչը կարող է հանգեցնել մեզ համար իրադարձությունների վտանգավոր զարգացման»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա հիշեցրեց Պոլ Գոբլի (ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական - խմբ.) հայտարարությունը, որը խոսում էր Մեղրին Ադրբեջանին հանձնելու մասին` հայանպաստ լուծում գտնելու փորձի դիմաց Թուրքիայի հետ կապեր հաստատելու նպատակով: «Սա առաջին ազդանշանն էր, որ ԱՄՆ-ը բարձրացնում է այս հարցը։ 2018 թվականին, երբ Բոլթոնը ժամանեց տարածաշրջան (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական- խմբ.) և հանդիպեց Փաշինյանի հետ, հարցազրույց տվեց և հայտարարեց, որ, ըստ ԱՄՆ-ի, հիմնական հաղորդակցությունները պետք է լինի արևելքի և արևմուտքի հետ, որպեսզի Թուրքիան Նախիջևանով և Զանգեզուրի միջանցքով կապ հաստատի Ադրբեջանի և ամբողջ թյուրքական աշխարհի հետ։ Բացի այդ, Բոլթոնը 2018 թվականին ասել էր, որ պետք է ուժեղացնել Իրանի շրջափակումը։
Նույն քաղաքականությունն այսօր վարում են Արևմուտքը և թյուրքական աշխարհը։ Դրա իմաստը միջանցքի ստեղծումն ու Իրանի մեկուսացումն է, որի համար սա կենսական ճանապարհ է: Դրանով Թեհրանը ամենակարճ ճանապարհով՝ շրջանցելով «թուրանյան» աշխարհը, կարող է հասնել Սև ծով, Ռուսաստան։ Մոսկվան կարող է դեմ լինել այս գործընթացին, սակայն չի կարող Հայաստանի փոխարեն անել այն, ինչ վերջինս պետք է անի։ Ռուսաստանն այլ երկիր է և այլ շահեր է հետապնդում, որոնք շատ դեպքերում համընկնում են Հայաստանի շահերի հետ, սակայն որոշ հարցերում կարող են չհամընկնել։ Ցավոք սրտի, մենք ոչ մի գործնական ազդեցություն չունենք և չենք կարող ունենալ գործընթացի վրա, քանի որ երկիրը ներկայացնում է մարդ, ով չի արձագանքում Ադրբեջանի և Թուրքիայի անպարկեշտ հռետորաբանությանը։ Նման մարդը չի կարող պատշաճ կերպով ներկայացնել մեր պետությունը։
Իրավիճակն ավելի է խճճվում, երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնացնում է ճանապարհ և «միջանցք» եզրույթները։ Սա ուղերձ է թուրքերին. նրանք ասում են, որ պետք չէ այդքան հաճախ օգտագործել «միջանցք» բառը, քանի որ Հայաստանում դա այլ կերպ է ընկալվում, իսկ այս կերպ մենք պատրաստ ենք այն կյանքի կոչել: Սրանք շատ լուրջ ազդանշաններ են։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտիվությունը գործող իշխանությունների օրոք: Անվտանգության հարցում մենք լիովին ապավինում ենք Ռուսաստանին, և այժմ կարող ենք կորցնել նաև ցամաքային կապը Իրանի հետ», - պարզաբանեց ՀՀԿ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, եթե Հայաստանը չկորցնի Իրանի հետ սահմանը, սա մեկ հարց է, իսկ եթե կորցնի, ապա, ըստ նախկին պատգամավորի, դա աղետ կլինի: «Եթե չի կորցնում և Երևանը ունենում է ճանապարհի ինքնիշխան իրավունքներ, ապա ո՞ւր պետք է գնանք այդ ճանապարհով (Մեղրիով): Դրանով կարելի է ուղևորվել միայն վտանգավոր և երկար ճանապարհորդության դեպի Ռուսաստան: Հայ վարորդների համար առավել նպատակահարմար է բեռնափոխադրումներ իրականացնել «Վերին Լարսի» անցակետով, որը նախատեսվում է արդիականացնել։ Եթե երկաթուղի լինի դեպի Իրան, ապա կրկին նպատակահարմարության հարց է առաջանում՝ հաշվի առնելով, որ այն անցնում է թշնամի երկրի տարածքով, և աշխատանքի մեջ կարող են ընդհատումներ լինել, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի դեպքում է։
Գտնվելով ստեղծված իրավիճակում՝ պարտվող երկրի կարգավիճակում, երբ հակառակորդները թելադրում են խաղի կանոնները, շատ դժվար է հավատալ, որ այս ճանապարհը կաշխատի այնպես, ինչպես, օրինակ, երկու եվրոպական երկրների միջև։ Ինչ վերաբերում է Գյումրիով անցնող ճանապարհին, թեև դրա մասին դեռևս չի խոսվում, սակայն եթե այն բացվի, ապա տեղի կունենա տնտեսական անեքսիա (Թուրքիայի կողմից-խմբ.): Չի կարելի տարանջատել ճանապարհի և քաղաքական իրավիճակի հարցերը, որում այսօր գտնվում է Հայաստանը։ Մի քանի տարի առաջ մենք հաղթող երկրի կարգավիճակում էինք, ունեինք սուբյեկտիվության բարձր մակարդակ։ Մեզ հետ հաշվի էին նստում և՛ մեր գործընկերները, և՛ հակառակորդները»,- եզրափակեց նա: