ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Իսրայելում հնագետները հայտնաբերել են մետաղադրամներ, նետերի ծայրեր, պայտերի մեխեր և եվրոպական ռազմական ճամբարին բնորոշ այլ առարկաներ։ Սա Սուրբ հողում նման գտածոների առաջին դեպքն է, հայտնել է Planet-today-ը՝ Jerusalem Post-ին հղումով:

Խաչակրաց արշավանքները 11-13-րդ դարերի սուրբ պատերազմների շարք էին, որոնց ընթացքում եվրոպացիները փորձում էին մահմեդականներից ետ նվաճել Սուրբ հողը։ Թեև այս տարածքներում պահպանվել են բազմաթիվ արևմտյան եկեղեցիներ և ամրոցներ, պատմաբանները գործնականում չունեն քրիստոնեական և մահմեդական ուժերի իրական ռազմական բախումների ապացույցներ:

Նախքան Նազարեթը Միջերկրական ծովի հետ կապող ճանապարհի վերակառուցումը իրականացված կանխարգելիչ պեղումների ընթացքում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ֆրանկ զինվորների ռազմական ճամբարի հետքեր։ Պարզվել է, որ դա խաչակիրների ճամբար է Գալիլեայում՝ թվագրվող 12-րդ դարով: Հնագետները հայտնաբերել են հարյուրավոր մետաղական արտեֆակտներ, որոնք վկայում են այն մասին, որ այստեղ գոյություն է ունեցել ժամանակավոր ռազմական բնակավայր Երուսաղեմի թագավորության օրոք՝ 1099-1291 թվականներին։

Ի տարբերություն հռոմեացիների, որոնք բառացիորեն ողողել էին Սուրբ հողը քարե և փայտե շինություններով, եվրոպացիների ռազմական ճամբարները ժամանակավոր էին, և, հետևաբար, հնագետների համար դժվար է գտնել դրանց հետքերը: «Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք ուսումնասիրելու միջնադարյան ճամբարը, ավելին իմանալու խաչակիրների մշակույթի և առօրյայի մասին», - նշել է Հայֆայի համալսարանի հետազոտող Ռաֆայել Լյուիսը: Բացի մետաղադրամներից և պայտերի մեխերից, գիտնականները գտել են բազմաթիվ «արիստոկրատական արտեֆակտներ», ինչպիսիք են ոսկեպատ ճարմանդները:

Չնայած տեխնիկապես բոլոր խաչակիրները կռվել են Երուսաղեմի թագավորի դրոշի ներքո, նրանք եկել են տարբեր շրջաններից, որոնց թվում եղել են ռազմիկ վանականներ՝ տամպլիերներ և հիվանդախնամներ:

Ըստ պատմական տվյալների՝ մոտ 20.000 խաչակիրներ 1187 թվականի հուլիսի 3-ին լքել են այս ճամբարը՝ օգնելու իրենց դաշնակիցներին Տիբերիայում, որը պաշարման մեջ էր։ Հաջորդ օրը նրանք ոչնչացվել են սուլթան Սալահադինի զորքերի կողմից։ Այս հաղթանակը նշանավորել է մահմեդականների կողմից Սուրբ հող նոր ներխուժման սկիզբը, որոնք 1187 թվականի հոկտեմբերին գրավել են Երուսաղեմը:

News.am