Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը

Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելթի հետ Աթենք կատարած այցի ժամանակ բողոք է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինի օգտագործման դեմ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄՄ-ի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդմիշտ մտել է պատմության մեջ. Ադրբեջանի և տարածաշրջանի համար նոր փուլ է սկսվել: Սա վերականգնման և շինարարության փուլն է»,- ասել է նա։

Միաժամանակ նա ընդգծել է, որ, այս տարվա հուլիսին նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանում է սահմանվել։ Այդ հրամանագրով ստեղծվել են երկու նոր շրջան՝ Ղարաբաղի տնտեսական շրջան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը:

Հավանաբար, ըստ Գաֆարովայի տրամաբանության, այժմ հակամարտությունը պետք է կոչվի «արևելազանգեզուրյան-ղարաբաղյան»: Իրականում նման դեմարշներով ադրբեջանական կողմը ճանապարհ է հարթում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջի համար, ինչի կապակցությամբ Բաքուն արդեն մի քանի տարի է, ինչ արտահայտում է իր դժգոհությունը, տեղեկացնում է News.am։