Խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում 2 հա տարածք են ականազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` ականազերծման գործողությունների ընթացքում ռուս զինծառայողները կիրառում են տարբեր մոտեցումներ, այդ թվում ՝ ականներ հայտնաբերող շների կիրառում, մեխանիկական համակարգեր, ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ։

Պայթյունավտանգ առարկաներ փնտրելու և հայտնաբերելու հմտությունները զարգացնելու համար ռուս խաղաղապահները ավանի տարածքում հատուկ գոտի են առանձնացրել շներին վարժեցնելու համար։ Սպորտային համալիրում հինգ մասնագիտացված խոչընդոտ կա՝ ցանկապատ, առու, գերան, սողանցք և աստիճաններ:

Մինչ մի խումբը մարդասիրական ականազերծման խնդիրներ է կատարում, մյուսը կատարելագործում է իր հմտությունները սպորտային համալիրում։

«Մենք ամեն օր ենք զբաղվում շների վարժեցմամբ։ Նպատակը մեկն է` ծառայողական շան օգնությամբ պայթուցիկ նյութեր գտնել։ Հայտնաբերելուց հետո շունն անձայն պառկում է: Վարժեցնողը մոտենում է կենդանուն, վերլուծում իրավիճակը, բարձրացնում ձեռքը, որից հետո մոտենում է ավագը», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռոման Կոգաևը։

Նրա խոսքով` հումանիտար ականազերծման ստորաբաժանման սպառազինության մեջ կան պայթուցիկ սարքերի որոնման և հայտնաբերման ժամանակակից միջոցներ, բայց շատ դեպքերում ապավինում են միայն շներին, քանի որ վարժեցրած շունը կարող է հայտնաբերել ավելի քան կես մետր խորության վրա գտնվող ռազմամթերքում առկա տրոտիլը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։