Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

Միացյալ Նահանգները առաջվա պես պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները ատոմային էներգիայի ոլորտում նախագահ Բայդենի վարչակազմի քաղաքականությանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ պատրաստ ենք ուղիղ բանակցություններին: Մեր դիրքորոշումը անփոփոխ է՝ մենք պատրաստ ենք վերադառնալ փոխադարձ վստահության վրա հիմնված բանակցություններին», - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Ֆայները՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջվա պես տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ, թե ի՞նչ է նշանակում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրի դրույթներին: