Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։

«Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` փաստաթուղթը վերաբերելու է սահմանագծման և սահմանազատման գործընթացին։

«Այդ գործընթացը բարդ է, և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց համար «ճանապարհային քարտեզ» կորոշեն տվյալ խնդրի լուծումը գտնելու համար։ Նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն կընդունվի, այդ կետը նշվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին երեք երկրների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ», - պարզաբանել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: