Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ԴԵՄ ՉԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ
Եթե շատ պարզեցնենք առկա պատկերը, ապա կա երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են և դրանց իրականացումից է կախված, թե ինչպիսին կլինի ամբողջ Եվրասիայում ուժերի դասավորությունը առաջիկա տասնամյակների համար։ Մեկը «Հյուսիս-հարավ» միջանցքն է, մյուսը՝ «Արևելք-Արևմուտքը», որն ավելի հայտնի է «Թյուրքական/ Զանգեզուի միջանցք» անունով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Երկուսի իրականացման ետևում կանգնած են թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ տերություններ։ Երկուսն էլ անցնում են Հայաստանի տարածքով՝ մեկ հիմնական տարբերությամբ։
Եթե «Հյուսիս-հարավը» ճանապարհ է, որը հատում է մեր ողջ հանրապետության տարածքը և ըստ էության մեր դաշնակիցների հետ միասին մեզ նորից դարձնում է աշխարհաքաղաքական կշիռ ունեցող երկիր, ապա «Թյուրքական միջանցքի» իրականացման դեպքում մենք թուրքերին ենք հանձնում Սյունիքը, փակում Արցախի թեման, կտրվում Իրանից և վերածվում ավտոկայանատեղու, այսինքն՝ կորցնում որպես անկախ պետություն մնալու մեր բոլոր շանսերը՝ լիարժեք դառնալով թուրքական ազդեցության գոտի։
Պարզ պատկերը սա է։ Եթե չլինեին մեր կամքից անկախ մեզ հետ դաշնակցող պետությունները, ապա թուրքական կողմը վաղուց հասել էր արդյունքի, քանի որ անձամբ կապիտուլիանտն ու իր տգետների թիմը դեմ չեն թուրքերին դարձնել տարածաշրջանային գերտերություն։ Անհրաժեշտ է դիմադրել՝ միջանցքը բացառելու համար։ Ընդ որում՝ համազգային ջանքերով",- գրել է փորձագետը: