ԳԱՆՁԱՔԱՐՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԻ ԽՆԴԻՐ ԿԼՈՒԾՎԻ
Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն… Իսկանդարյանների հիշողության մեջ վերջին 13 տարում այս պատկերից այն կողմ ուրիշ ոչինչ չկա: Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող ընտանիքը հարմարավետ կյանքի փոխարեն ընտրել է զավակների բարեկեցիկ ապագան ապահովելու ճանապարհը: Ֆինանսական ներդրումներ են կատարվել ոչ թե տան կառուցման, այլ դստեր և որդու բուհական կրթության ապահովման համար: Դա եղել է զավակների և ընտանիքի մոր՝ Նելլի երազանքը, ով ևս բարձրագույն կրթություն ունի:
Տարիներ շարունակ արտերկրի ճանապարհն ընտրած երիտասարդ տանտերը՝ Արտակը, արտագնա աշխատանքի արդյունքով կարողացել է իրականացնել իրենց առջև դրված նպատակը: Այժմ զավակների հաջողությամբ հպարտացող ընտանիքը, գտել է նաև կիսակառույցը հարմարավետ տուն դարձնելու ճանապարհը: Այդ հարցում նրանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերների համակարգված աշխատանքի շնորհիվ հերթական ընտանիքը պատրաստվում է մինչև տարեվերջ բնակարանամուտ նշել: Արտակն արդեն սկսել է շինարարությունը. քարը քարին է դնում ժպիտով և զավակների հետագա կյանքը ևս մեկ աստիճանով ապահով դարձնելու վճռականությամբ:
«Ձեզ համար կյանքի նոր էջ է բացվում: Փորձեք ամեն ինչ անել, որպեսզի կառուցվող պատերի հետ ամրանա նաև ձեր զավակների լավատեսությունը: Նրանց երիտասարդության տարիների հիշողությունը պետք է ավելի լուսավոր լինի: Գիտեմ, որ, անտեսելով ձեր բարեկեցությունը, հոգացել եք երեխաների բարձրագույն կրթության մասին: Տան կառուցումը հետաձգել եք՝ նրանց ապագայի համար: Այժմ, այս ծրագրի շնորհիվ, կիրականացնեք նաև երկրորդ երազանքը՝ ամուր ու լուսավոր տուն կունենաք: Ձեր կողքին ենք՝ անկախ հեռավորությունից»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Շատ ծանր հոգսեր եմ ունեցել: Դժվար է եղել. տարրական պայմաններ չեն եղել: Փորձել ենք հարմարվել, բայց ամեն ինչ անել, որպեսզի երեխաներս լավ կրթություն ստանան: Կարծես թե մեր երազանքներն սկսում են իրականանալ: Բոլորս ուզում էինք լավ տուն ունենալ: Հիմա արդեն կավելանա ևս երկու ննջասենյակ, կունենանք կոմունալ հարմարություններով ապահովված մեծ տուն»,- ասել է տանտիրուհին՝ Նելլի Ղազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են 2021թ. բնակարանաշինության ծրագիրը: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում առայժմ կամավորներ չեն ներգրավվում: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը ստիպում է զգուշավոր լինել: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին: