ԱՆ-ն դիմել է ԿԳՄՍՆ-ին դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելու առաջարկով

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը` ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` առաջարկելով մեկ շաբաթով երկարաձգել դպրոցական արձակուրդները։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել», – նշեց Խաչատրյանը։

Նշենք, որ հանրապետության դպրոցներում հիմա աշնանային արձակուրդ է։ Առաջին դասարանցիները հանգստանում են երկու շաբաթ` հոկտեմբերի 18–ից 31–ը, երկրորդից բարձրները` մեկ շաբաթ` հոկտեմբերի 25–ից 31–ը։