Իրանը և Հայաստանը պայմանավորվել են այլընտրանքային ուղիներ օգտագործել ապրանքների փոխադրման համար

Իրանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել մաքսային համագործակցության զարգացման, ինչպես նաև ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիների օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (IRICA) ղեկավար Մեհդի Միրաշրաֆին, գրում է Tehran Times-ը։

Միրաշրաֆին, ով կիրակի այցելել է Մոսկվա՝ միջազգային մաքսային համաժողովին մասնակցելու համար, նշել է, որ Իրանը դիվերսիֆիկացրել է իր միջազգային երթուղիները, և, հետևաբար, ոչ մի երթուղի չի կարող սահմանափակումներ մտցնել երկրի միջազգային առևտրի վրա։

Միրաշրաֆին նաև մատնանշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամների հետ անցկացված դրական բանակցությունները։ «Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է, և ձեռք բերված պայմանավորվածություններով մենք շուտով ականատես կլինենք այս միության անդամ երկրների հետ առևտրային հարաբերությունների թռիչքին»։

Նշելով Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքների արտահանման և ներմուծման համար ցամաքային անցումների կարևորությունը՝ պաշտոնյան ասել է. «Ծովային և ճանապարհային ենթակառուցվածքների շինարարության ավարտը և լրացուցիչ մաքսային ծառայությունների մատուցումը, հատկապես Կասպից ծովի տարածաշրջանում, կարող է մեծացնել առևտուրը երկու երկրների միջև»։

Այս ամսվա սկզբին տրանսպորտի և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլահ Խադեմին հայտարարել էր Իրանի և Հայաստանի միջև նոր տարանցիկ երթուղիների ստեղծման համաձայնագրի մասին, քանի որ երկու երկրները խնդիրներ ունեն Ադրբեջանի տարածքով առևտրային փոխանակման հարցում:

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում իրանական բեռնատարների համար այլընտրանքային տարանցիկ երթուղի կասֆալտապատվի, և նախկին երթուղուց օգտվելու կարիք չի լինի, որն անցնում է Ադրբեջանի տարածքով և պահանջում է տուրքեր վճարել»,- ասել է Խադեմին, տեղեկացնում է News.am։