ԱՄՆ-ը ներկայացրել է երկիր մուտքի կանոնները

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրել ավիաթռիչքների միջազգային նոր քաղաքականության իրականացման մասին, ըստ որի՝ ԱՄՆ կարող են մուտք գործել միայն այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք անցել են COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նոյեմբերի 8-ից ոչ ներգաղթային վիզաներով ԱՄՆ ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ինքնաթիռ նստելուց առաջ պատվաստման վկայական ներկայացնեն։ Չպատվաստված ճանապարհորդները՝ ԱՄՆ քաղաքացիները, կացության թույլտվություն ունեցողները և որոշ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն առանց պատվաստումների մուտք գործել երկիր, այժմ պետք է մեկնելուց 24 ժամ առաջ կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, նոյեմբերի 8-ից ամբողջությամբ պատվաստված օտարերկրյա քաղաքացիները նաև առանց հարգելի պատճառի, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, կարող են հատել հյուսիսային և հարավարևմտյան ցամաքային սահմանները։

Հիվանդությունների վերահսկման և կանխման կենտրոնների (FDA) որոշման համաձայն՝ ԱՄՆ թույլ կտան մուտք գործել այն ճանապարհորդներին, որոնք պատվաստվել են FDA-ի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով:

Մինչև 18 տարեկան երեխաների վրա պատվաստման նոր պահանջները չեն տարածվում, սակայն 2-17 տարեկան երեխաները պետք է թեստ անցնեն նախքան մեկնելը:

Բացառությունների ցուցակում ներառված են նաև COVID-19-ի դեմ մի շարք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների մասնակիցները, նաև՝ այն անձինք, որոնց պատվաստումը հակացուցված է բժշկական պատճառներով, նաև՝ արտակարգ կամ հումանիտար պատճառներով ԱՄՆ ժամանողները, նաև՝ ոչ տուրիստական վիզա ունեցող ճանապարհորդներն այն երկրներից, որտեղ պատվաստանյութի հասանելիությունը սահմանափակ է:

Ներդրվում է նաև շփումների հետագծման համակարգ, որը թույլ կտա բացահայտել ճանապարհորդներին, ովքեր կարող են վարակված լինել վիրուսով կամ շփվել վարակվածների հետ, տեղեկացնում է News.am։