ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում ներդրումների հեռանկարները

Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում տնտեսության մեջ ներդրումների հեռանկարները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մեր տնտեսական համագործակցության հեռանկարները վատը չեն։ Մենք բավականին լավատեսորեն ենք նայում այդ հեռանկարներին ու կարծում ենք, որ Հայաստանն իսկապես ունի մի շարք ոլորտներ, որոնք գրավիչ կլինեին ռուս ներդրողների, այդ թվում՝ խոշոր ներդրողների համար»,-ասել է Ռուդենկոն, տեղեկացնում է News.am։

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն ասել էր, որ Հայաստանում ռուսական 2,2 մլրդ դոլար կուտակած ներդրումները մոտ ժամանակներս կաճեն ևս 1 մլրդ դոլարով: Նա նաև պարզաբանել էր, որ այդ միջոցները կուղղվեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներին։