Սահմանին վերաբերող հարցն ԱԺ-ում կքննարկվի փակ ռեժիմով

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ նիստի ռեժիմով: Այս առաջարկն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ընդունվեց 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով, տեղեկացնում է News.am:

Բացի այդ որոշվեց, որ այդ նիստում հարակից ելույթի հնարավորություն կտրվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշումն ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայներով:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն հարց ուղղեց. «Մենք ԱԳ նախարարին էլ էինք առաջարկել ներգրավել: Պատճառն ի՞նչն է, որ նա ներգրավված չէ, որովհետև բավականին հարցեր վերաբերում էին այդ ոլորտին»:

Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ես ընդդիմության առաջարկը փոխանցել եմ կառավարությանը և ըստ էության, կառավարությունը հարկ է համարել հիշյալ պաշտոնյաներին գործուղել այդ քննարկման համար»: