Կալանքից ազատ արձակված Արթուր Սարգսյանին դիմավորեցին ծափահարություններով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանը։ Ի դեպ, այսօր Ազգային ժողով է ժամանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը: Խմբակցությունը նրան դիմավորեց հոտնկայս ու ծափահարություններով:

 

           

Սարգսյանը երդվեց` ստանձնելով պատգամավորի մանդատը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,–ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Սարգսյանը Սիսիան համայնքի ղեկավարն էր, և օրեր առաջ է 20 մլն գրավի դիմաց ազատ արձակվել կալանքից:

Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։