Թորոսյանն․ Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն

ՀՀ Ազգային ժողովում բավականին թեժ քննարկում է ընթանում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի առնչությամբ։

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում որոշում է կայացվել Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշել դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ և հունվարի 6-ին։ Մյուս օրերը կլինեն աշխատանքային։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ 4000 զոհ ունենք և մեռելոցներն էլ հանում ենք հիմա։ Նրա խոսքով` հունվարի 7-ը պետք է պարտադիր ոչ աշխատանքային լինի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հավաստիացնում է` երբ ամանորյա տոները երկար են լինում, ՀՀ քաղաքացիները երկրից մեկնում են, իսկ երբ կարճ են լինում, նախընտրում են տեղում իրենց հանգիստը կազմակերպել։ Ուստի, հայաստանյան հանգստյան տները կշահեն այս որոշումից։

Սրան հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ասելով, որ Հայաստանում շատերը չեն նայում` տոնակա՞ն օր է, թե ոչ, աշխատողն աշխատում է։ Նա նշեց` ասում են, թե տոնական օրերի կրճատումը գյուղատնտեսության վրա դրական ազդեցություն կունենա, սակայն գյուղացին զարթնում է, գնում իր կովին կթելու և օրացույցին չի նայում։

«Գյուղացին չի ասում` այսօր կիրակի է, ծիրանս չպետք է քաղեմ, կովս չկթեմ»,–ասաց Խաչատրյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ իր հերթին հակադարձեց ընդդիմադիրների ելույթին` ասելով, որ պետք չէ տոների կրճատումը շահարկել և բերել–կապել անգամ քրիստոնեական արժեքների, ավանդույթների հետ։ Երբ տեղից պատգամավորներից մեկը նշեց, թե Թորոսյանն աթեիստ է, դրա համար էլ այդպես է ասում, վերջինս արձագանքեց.

«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն։ Ի տարբերություն շատերի` ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելությունը»։

Նշենք, որ հարցի քննարկումն ավարտվեց, պատգամավորներն ավելի ուշ կքվեարկեն նախագիծը։