«Դահլիճից չէ, ամբիոնից հեռացրեք». Մանուկյանի խոսափողն անջատեցին

Այսօր` հոկտեմբերի 26–ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ անջատեցին նրա խոսափողը և անվտանգության աշխատակիցները հեռացրին Մանուկյանին ԱԺ ամբիոնից։

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մանուկյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե սրիկայության մասին շատ օրինակներով կարելի է խոսել, սակայն Արցախն ուրացողը դավաճան է։ Մանուկյանը մի քանի անգամ կրկնեց իր խոսքը, որից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց` կան էթիկայի կանոններ և Մանուկյանը եթե որևէ մեկին դավաճան է անվանում, ապա պետք է անուն տա։

«Ես բառացի կմեջբերեմ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքերն Արցախի մասին»,–ի պատասխան ասաց Մանուկյանը։

Ռուբինյանը դրանից հետո խնդրեց Մանուկյանին զբաղեցնել իր տեղը, իսկ վերջինիս ընդդիմանալուց հետո Ռուբինյանն անվտանգության ծառայության աշխատակիցներին հրահանգեց Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից։

«Դահլիճից չէ, ամբիոնից հեռացրեք»,–ասաց Ռուբինյանը, և Մանուկյանին հեռացրին։

Ռուբինյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև վիճաբանություն սկսվեց, տեղեկացնում է Sputnik Արմենիա։